Հայաստանն իր տարածքում եթերազրկել է Կրեմլի հայտնի խոսափողներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները։ Հայկական կողմը պնդում է՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները խախտել են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը։
«Հայաստանի հետ ոչ մի խնդիր չէր լինի, եթե 2008-ին մենք չկանգնեինք։ Այ եթե մենք 2008-ին լուծեինք Վրաստանի խնդիրը, Ռուսաստանը ցամաքային սահման կունենար Հայաստանի հետ, իսկ կյանքը բոլորովին այլ կլիներ Հայաստանում», - ասել է Սոլովյովը հաղորդումներից մեկի ժամանակ։
Հայաստանում «ՌՏՌ Պլանետա» ալիքով հեռարձակվող հաղորդումներում Հայաստանին ու նրա իշխանություններին հաճախ են անդրադառնում, ընդ որում՝ երբեմն մանիպուլացնող վիրավորական ձևակերպումներով ու բնորոշումներով։
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող տոլերանտ լինել այնպիսի բովանդակություն ունեցող հաղորդումներին, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր պետության և ժողովրդի արժանապատվությունը», - նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Դեռ այս տարվա փետրվարին էր պաշտոնական Երևանը բողոքի նոտա հղել Մոսկվային՝ երկու կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը խախտելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը բողոքի նոտա է հղել Մոսկվային, ԲՏԱ նախարարը՝ նամակ ռուս գործընկերոջըԲողոքի նոտայից հետո անգամ ինքը՝ Վլադիմիր Սոլովյովը շարունակում է իր հեղինակային հաղորդումներում խրատներ տալ Հայաստանի իշխանություններին, սպառնալ Հայաստանին ու հայ ժողովրդին՝ Երևանի քաղաքականության պատճառով պետականությունը կորցնելու հետևանքներով։
Մարտի 18-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտնել էր, որ առաջիկայում Հայաստանն ու Ռուսաստանը Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության վերաբերյալ: Արդյոք այդ քննարկումններից հետո է հայկական կողմը որոշել եթերազրկել Ռուսաստանի ամենաիշխանամետ լրագրողներից մեկի հաղորդումները, և արդյոք Երևանը հայ-ռուսական հարաբերությունների լարվածության պայմաններում պատրաստ է նաև ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնել, նախարարությունից այսօր խուսափեցին արձագանքել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռուսական հեռուստաալիքները խախտումներ են թույլ տվել». հակասական հայտարարություններ կողմերի միջևԻսկ ռուսական ալիքները արգելափակելու մասին ոչ միայն առանձին իշխանական պատգամավորներն են բարձրաձայնում։
Երևանի Մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է. - «Մենք արդեն պիտի ունենայինք տասնյակ քրեական գործեր հարուցված դատախազության կողմից և տասնյակ անգամներ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը պետք է նախաձեռներ այդ խնդիրների քննարկումը, և եթե այդ բոլոր արձանագրված լիներ, և դրանից ամեն անգամ հետևություններ չէր արվելու ռուսական կողմի կողմից, մենք հիմա փաստորեն կունենայինք բոլոր հիմքերը այդ համաձայնագիրը չեղյալ համարել և ազատել տեղերը հայկական հեռարձակողների համար հանրային մուլտիպլեքսում»։
Սոլովյովը դեռ չի արձագանքել իր հաղորդումը փակելու որոշմանը։ Մինչ այդ դրան անդրադարձել է Կրեմլի մեկ այլ հայտնի քարոզիչ, Պետական «Ռաշա թուդեյի» ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը; Նա առանց Նիկոլ Փաշինյանի անունը տալու նրան «բռնապետ» է անվանել, դժգոհել, թե Հայաստանում խոսքի ազատությունն ավելի է պակասել։
«Լրագրողներն առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպության մամուլի ազատության ինդեքսում, ի դեպ, Ռուսաստանը ամենացածր հորիզոնականում է՝ 180 երկրների շարքում 164-րդ տեղում, Հայաստանը՝ 49-ում։