Միացյալ Նահանգներում նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից կես տարի առաջ Ջոզեֆ Բայդենի թիմում ոչ պաշտոնական, բայց բավական կարևոր դերակատարություն է ստանձնում ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով՝ այս մասին գրել է The New York Times-ը։
Ամերիկյան պարբերականը պնդում է, որ Բայդենը լրջորեն մտահոգված է, որ նոյեմբերին կարող է պարտվել Դոնալդ Թրամփին, ուստի պարբերաբար զանգահարում է իրենից 20 տարով երիտասարդ Օբամային՝ նախընտրական արշավին վերաբերող խորհուրդներ ստանալու ակնկալիքով։
«Օբաման իր հերթին զանգահարում է գործող նախագահի նախընտրական շտաբի բարձրաստիճան խորհդատուներին և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջեֆ Զինթսին՝ նախընտրական ռազմավարությունը քննարկելու և խորհուրդներ տալու նպատակով», - գրում է պարբերականը։
«Համագործակցության նման մակարդակը Օբամայի կողմից Ջոզեֆ Բայդենին ցուցաբերվող աջակցության վկայությունն է։ Սակայն, ինչպես նշել է նախագահի բարձրաստիճան օգնականներից մեկը, դա նաև այն մասին է վկայում, որ Բարաք Օբաման լուրջ մտահոգություններ ունի, թե Բայդենն առաջիկա ընտրություններում կարող է պարտվել Թրամփին», - գրում է The New York Times-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան ընտրարշավը թեժանում էԱրդյո՞ք Օբամայի խորհուրդներն են պատճառը, թե՞ այլ գործոններ կան՝ դեռ հայտնի չէ, բայց ամերիկացի սոցիոլոգները արձանագրում են՝ վերջին շաբաթներին Բայդենի վարկանիշը կայունացման որոշակի միտումներ է արձանագրում, հատկապես«տատանվող» նահանգներում։
Մարտի 8-ից 15-ը Bloomberg-ի պատվերով անցկացված հարցումները վկայում են, որ Բայդենին հաջողվել է Թրամփից մեկ տոկոսով առաջ անցնել Վիսկոնսին նահանգում, հավասարեցնել ցուցանիշները Միչիգանում և Փենսիլվանիայում, ինչպես նաև կրճատել մրցակցի առավելությունը ևս երեք նահանգներում՝ Արիզոնայում, Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։
Բայդենի համար, սակայն, լուրջ խնդիրներ կարող է ստեղծել նախագահի պաշտոնին հավակնող գործիչներից ևս մեկը՝ ԱՄՆ նախկին արդարադատության նախարար Ռոբերտ Քենեդիի որդի և նախկին նախագահ Ջոն Քենեդիի զարմիկ Ռոբերտ Քենեդի կրտսերը։
Հարվարդի համալսարանի և Harris Polls կենտրոնի՝ նախորդ շաբաթ անցկացրած հարցման համաձայն՝ Քենեդիի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացի ընտրողների 13 տոկոսը։ Հետազոտության հեղինակների պնդմամբ՝ եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա Քենեդիի օգտին կքվեարկեր դեմոկրատ ընտրողների գրեթե 15 տոկոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը 1 տոկոսի առավելություն ունի Թրամփի նկատմամբ. Reuters/Ipsos-ի հարցումԱյս հանգամանքը, ըստ CNN-ի, լրջորեն մտահոգել է գործող նախագահի թիմին, որտեղ այն տեսակետն է արմատավորվել, թե որոշակի ժողովրդականություն վայելող, սակայն հաղթելու շանսեր չունեցող Քենեդի-կրտսերն իրականում «սփոյլեր» թեկնածու է, որի միակ նպատակը Բայդենից ձայներ խլելն ու Թրամփի հաղթանակին նպաստելն է։ Այս համոզմանն է օրինակ՝ Ռոբերտ Քենեդիի հարազատ քույրը՝ Ռորին։
«Այս ամենն իրականում Բայդենից քվեների արտահոսքի մասին է։ Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ սրանք մեր կյանքի ողջ ընթացքում տեղի ունեցած ամենակարևոր ընտրություններն են լինելու։ Դրանք չափազանց վճռորոշ են, դրանց արդյունքները կարող են վճռվել ընդամենը մի քանի նահանգներում՝ քվեների աննշան տարբերությամբ։ Եվ ես մտավախություն ունեմ, որ Բոբին, ձայներ խլելով Բայդենից, ի վերջո կարող է նպաստել ընտրություններում Թրամփի հաղթանակին», -հայտարարել է անկախ թեկնածուի քույրը։
Ամերիկյան լրատվամիջոցների գնահատմամբ՝ Բայդենի ճամբարից դեմոկրատների արտահոսքին կարող է նպաստել նաև Քենեդիի կողմից փոխնախագահի պաշտոնում 38-ամյա իրավաբան և բարերար Նիկոլ Շենահանի առաջադրումը։
«Ես հպարտությամբ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջորդ փոխնախագահ Նիկոլ Շենահանին», -հայտարարել է Ռոբերտ Քենեդին անցած գիշեր Օքլենդում կայացած հանրահավաքի ժամանակ՝ նշելով, որ իր ընտրությունը Շենահանայի վրա է կանգ առել, քանի որ իրեն «այնպիսի մարդ է անհրաժեշտ, որ մի կողմից օժտված կլինի վարչարարական տաղանդով, մյուս կողմից՝ ներկայացվող ապացույցների ծանրության տակ ի վիճակի կլինի փոխել անգամ ամենակարծրացած մոտեցումները»։
Շենահանի խոսքով՝ ինքը համաձայնել է անդամակցել Ռոբերտ Քենեդիի թիմին, քանի որ իրեն դուր են գալիս «երկրի ապագային վերաբերող նրա պատկերացումները»։
«Դիտարկեք Ամերիկայի նրա տեսալականը։ Սա այն տեսլականն է, որ ես ևս կիսում եմ։ Միացեք ինձ և Ռոբերտ Քենեդիին Ամերիկայի առողջացման գործում»,- ասել է Շենահանը։
Փոխնախագահի նորահայտ թեկնածուն նախևառաջ հայտնի է որպես Google-ի հիմնադիրներից մեկի՝ Սերգեյ Բրինի նախկին կին։ 2022-ին Wall Street Journal-ը գրել էր, թե նրանց ապահարզանի պատճառը Շենահանի կարճատև սիրային կապն էր Իլոն Մասկի հետ։ Թե Բրինի նախկին կինը, և թե Մասկը այս տեղեկությունները հերքում էին։ Բացի այդ, Շենահանը հայտնի է որպես բնապահպանական խնդիրներով զբաղվող ամենահայտնի ամերիկյան իրավաբաններից մեկը։ Երկար տարիներ նա նաև դեմոկրատական կուսակցության աջակիցների և նվիրատուների թվում էր։ Այս քայլով, սակայն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Շենահանը համալրել է դեմոկրատներից հիասթափված ամերիկացիների շարքերը։