Մատչելիության հղումներ

Թրամփի հանրապետական վերջին մրցակից Հեյլին լքում է ընտրապայքարը


ԱՄՆ - Նիկի Հեյլին Հյուսիսային Կարոլինայի Ռեյլի քաղաքում քարոզարշավի ժամանակ, 2-ը մարտի, 2024թ.
ԱՄՆ - Նիկի Հեյլին Հյուսիսային Կարոլինայի Ռեյլի քաղաքում քարոզարշավի ժամանակ, 2-ը մարտի, 2024թ.

Եթե առաջիկա ամիսներին որևէ անկանխատեսելի իրադարձություն տեղի չունենա, նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններում միմյանց դեմ կրկին կպայքարեն 81-ամյա Ջոզեֆ Բայդենն ու 77-ամյա Դոնալդ Թրամփը։

Այն, որ 2024 թվականի ընտրությունները յուրատեսակ «մատչ-ռևանշի» են վերածվելու, պարզ դարձավ, երբ Հանրապետական կուսակցության ներքին ընտրություններում իր մասնակցությունը դադարեցնելու մասին հայտարարեց Դոնալդ Թրամփի՝ դեռևս ինքնաբացարկ չհայտարարած վերջին մրցակիցը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին։

«Եկել է իմ ընտրարշավը դադարեցնելու պահը։ Ես ասել էի, որ ցանկանում եմ, որ ամերիկացիների ձայնը լսելի լինի։ Ես կատարեցի իմ խոստումը։ Ու թեև ես դադարում եմ թեկնածու լինել, ես շարունակելու եմ խոսել սկզբունքների մասին, որոնց հավատում եմ։ Ամենայն հավանականությամբ, հուլիսին նախատեսված կուսակցական համագումարի ժամանակ նախագահի թեկնածու կառաջադրվի Դոնալդ Թրամփը։ Ես շնորհավորում են նրան և հաջողություն մաղթում, ինչպես հաջողություն կմաղթեի ցանկացած մարդու, որ կզբաղեցներ ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Այժմ Թրամփի հերթն է՝ գրավելու կուսակցության ներսում և դրանից դուրս գտնվող այն բոլոր մարդկանց ձայները, որոնք իրեն չէին սատարում», - հայտարարում էր Հեյլին։

Ամերիկյան լրատվամիջոցները Հեյլիի այս քայլը միակ տրամաբանականն են համարում՝ հաշվի առնելով նախևառաջ երեկ կայացած ներկուսակցական ընտրությունների արդյունքները։ «Սուպերերեքշաբթիի» ընթացքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթեց 15 նահանգներից 14-ում՝ գրեթե ամենուր երկնիշ տոկոսային տարբերությամբ։ Միակ նահանգը, որտեղ Թրամփը զիջեց Հեյլիին, Կանադային սահմանակից Վերմոնտն էր։

«Պատահական չէ, որ այս օրը «սուպերերեքշաբթի» է կոչվում։ Սա հրաշալի գիշեր էր, հրաշալի մի օր։ Մենք արեցինք մի բան, որ վաղուց արդեն որևէ մեկը չէր կարողանում անել», - ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարում էր Դոնալդ Թրամփը։

Այս պահի դրությամբ, ըստ Аssociated Press գործակալության, Թրամփն ապահովել է Հանրապետական կուսակցության՝ հուլիսին Միլուոկիում կայանալիք համագումարի պատվիրակներից մոտ հազարի աջակցությունը։ Հաղթանակի համար նախկին նախագահին անհրաժեշտ է ևս 200 պատվիրակների աջակցությունը, ինչը, ամերիկացի քաղաքական վերլուծաբանների համոզմամբ, Թրամփի համար միանգամայն լուծելի խնդիր է։

Իսկ շարքային ընտրողներից շատերին նոյեմբերին սպասվող Բայդեն-Թրամփ գրեթե անխուսափելի մենամարտը պարզապես հուսահատեցնում է։

«Ես գիտեի, որ դա անխուսափելի է, բայց միևնույն է հիասթափված եմ։ Ես կուզեի, որ Հեյլին շարունակեր պայքարը, սակայն հասկանում եմ, որ ողջ աշխարհը մեզ որպես կրկես է ընկալելու, ինչը բնականաբար հիասթափեցնող է։ Ես անձամբ պատրաստվում եմ արտագաղթել Կանադա կամ Փարիզ», - Reuters-ի հետ զրույցում նշել է Դենվերի 51-ամյա բնակիչ Լի Սոուլը։

Երեկ ներկուսակցական ընտրություններ էին նաև ամերիկացի դեմոկրատների շրջանում։ Թեև դրանք ֆորմալ բնույթ են կրում, և գործող նախագահ Ջոզեֆ Բայդենը լուրջ մրցակից ընդհանրապես չունի, սակայն այս փրայմերիները ևս անակնկալով են աչքի ընկել։ Խաղաղ օվկիանոսւմ գտնվող և Վաշինգտոնի կողմից կառավարվող Ամերիկյան Սամոայում Բայդենը հաջողացրել է պարտվել բացարձակապես անհայտ մի գործչի՝ ոմն Ջեյսոն Փալմերին։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներով զբաղվող Փալմերը ստացել է տեղացի դեմոկրատների քվեների 51, իսկ Բայդենը՝ ընդամենը 40 տոկոսը։

XS
SM
MD
LG