Մեր նպատակն է ստեղծել մի իրադրություն, որ պատերազմն անհնար դառնա. Փաշինյան

Հայաստանի իշխանություններն ուզում են ստեղծել իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, Գյումրիում շաբաթ օրը «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև մենք չենք կարող ասել՝ հը՞ կսկսի, թե՞ չի սկսի, կսկսի՞, թե՞ չի սկսի: Մեր քաղաքական նպատակը հետևյալն է՝ գալ, ստեղծել մի իրադրություն, այս երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմն ուղղակի դառնա անհնար: Սա շատ բարդ, չափազանց բարդ խնդիր է», - նշել է Փաշինյանը։

Նա շեշտել է՝ իշխող ուժը պետք է մթնոլորտ ստեղծի, որ կուսակցական միջավայրում որևէ մեկը չվախենա որևէ միտք արտահայտելուց։ «Քաղաքացիական պայմանագրի» առաքելությունն, ըստ նրա, առաջնորդելն է հայ ժողովրդի և պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և ապահովել երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացում։

«Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա», - ավելացրել է վարչապետ Փաշինյանը։

Օրերս Ոսկեպար ու Կիրանց գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ևս վարչապետն ասել էր՝ Հայաստանի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ։ Նա խոսել էր Տավուշի մարզի հայկական գյուղերի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի և Բերքաբերի դիմաց գտնվող սահմանը որպես մեկ ամբողջական կտոր սահմանազատելու մասին։

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ի առաքելությունն է առաջնորդել պետության անցումը պատմական Հայաստանից իրականի. վարչապետ