Ձերբակալվել են «Մարտական եղբայրության» անդամներ, հայտնում է միաբանության ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ որպես բերման ենթարկելու հիմնավորում ներկայացվել է ապօրինի զենք- զինամթերք կրելու կասկածանքը։
Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցել են, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:
«Մարտական եղբայրությունից» պնդում են նաև, որ անդամներից ոմանց, այդ թվում՝ միաբանության ղեկավար Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ կապն ընդհատվել է։ «Ազատության»-ը ևս չի հաջողվել կապ հաստատել Տեր-Աբրահամյանի հետ։
Այսօր կեսօրին նախատեսված էր նրանց այցը Վերին Ոսկեպար, իրենց ներկայացմամբ, մարտավարական պարապմունքների։ Երեկ, սակայն, կառույցից հայտնել էին, որ «գրասենյակ էին այցելել Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները», հորդորել ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից։ Մինչդեռ, ըստ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման՝ նրանք ամեն դեպքում որոշել էին կատարել այցը։
Ժամը 14։00-ի սահմաններում միաբանությունից հայտնել են արդեն տեղում՝ Ոսկեպարում, մի քանի անդամների ձերբակալության մասին։
Օրերս Ոսկեպար ու Կիրանց գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ Հայաստանի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ։ Նա խոսել էր Տավուշի մարզի հայկական գյուղերի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի և Բերքաբերի դիմաց գտնվող սահմանը որպես մեկ ամբողջական կտոր սահմանազատելու մասին։