Մոսկվայում ՀՀ դեսպանությունը վրդովված է «Դոժդ»-ի եթերում հնչած պնդման առնչությամբ

«Դոժդ» հեռուստաընկերության լոգոն, արխիվ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությանն իբր հայերի առնչության վերաբերյալ «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հնչած արտահայտությունների կապակցությամբ:

«Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակաուղղված տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը ու ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ բորբոքելուն», - ասված է դեսպանության հայտարարությունում:

«Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հանդես եկավ խաղաղ քաղաքացիների դեմ անմարդկային ոճրագործությունը դատապարտող հայտարարություններով: Մեր հայրենակիցները Երևանում վաղ առավոտից հարգանքի տուրք են մատուցում բոլոր զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ», - ընդգծում է դիվանագիտական առաքելությունը՝ ևս մեկ անգամ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին ու շուտափույթ ապաքինում մաղթելով տուժածներին:

«Մեր բոլոր մտքերը և աղոթքները Ռուսաստանի ժողովրդի հետ են», - ասված է հայտարարությունում:

Դեսպանատունը կոչ է անում կեղծ տեղեկատվություն չտարածել և կողմնորոշվել միայն դեպի պաշտոնական աղբյուրներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը ցավակցել է Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբՄի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, ցավակցել են Ռուսաստանին

«Դոժդ» հեռուստաընկերության եթերում Crocus City Hall-ի ծագումով ադրբեջանցի աշխատակից ներկայացած ոմն «ականատես Էմին» հեռախոսով ուղիղ եթերում պնդում էր, թե հարձակում գործած ահաբեկիչներից հայերեն հայհոյանքներ է լսել: Հեռուստատեսության աշխատակիցը շտապեց հավելել, որ չեն կարող հաստատել այդ տեղեկատվությունը:

Crocus City Hall-ի սեփականատերը ծագումով ադրբեջանցի Արազ Աղալարովն է, ում որդին՝ երգիչ և գործարար Էմին Աղալարովն Ադրբեջանի նախագահի դստեր նախկին ամուսինն է:

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 115 զոհվածների և 100-ից ավելի վիրավորների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է