Ոսկեպարցիներն օնլայն հարթակներում երեկվանից ստորագրահավաք են սկսել, որով մերժում են բնակավայրի հարակից տարածքներն ադրբեջանական կողմին փոխանցելու մասին հայտարարությունները, «Ազատությանը» հայտնեցին հենց իրենք՝ ոսկեպարցիները։
Գյուղի բնակիչները տեքստ են հրապարակել, որով դիմում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, միջազգային կառույցներին ու կառավարությանը՝ փորձելով կանխել սահմանազատման հետ կապված գործընթացն ու տարածքներն Ադրբեջանին հանձնելու հնարավոր տարբերակը:
Ոսկեպարցիները նշում են, որ «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է առանց որևէ հստակ երաշխիքի հարևան ոչ բարեկամական երկրի վերահսկողությանը հանձնել բնակավայրերի հարակից տարածքները»:
Դիմումում նրանք մտահոգություն են հայտնում, որ մարզկենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ որպես այդպիսին չկան, նորը կառուցելու տարբերակներ ևս չկան, չնայած որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում պարբերաբար հավաստիացրել է, որ կկառուցվեն այլընտրանքային ենթակառուցվածքներ:
Ոսկեպարի դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանն «Ազատության» հետ զրույցում խիստ անհանգստություն հայտնեց այն հարցով, որ տարածքները հանձնելու դեպքում կխախտվեն երեխաների իրավունքները. նոր սահմանագծման դեպքում հայ-ադրբեջանական շփման գիծն ընդամենը 100 մետր հեռավորություն կունենա դպրոցից: Տնօրենը մտահոգվում է՝ մատնանշելով, որ դեռ 90-ական թվականներից բազմաթիվ անգամներ դպրոցը ռմբակոծությունների է ենթարկվել:
«Այսօր այդ սահմանի փոփոխությունից մեր դպրոցը հայտնվելու է հակառակորդի դիրքից 100 մետր հեռավորության վրա: Այս իրավիճակում մենք հնարավո՞ր է, որ չանհանգստանանք մեր դպրոցի, երեխայի, մեր իրավունքների ոտնահարումից, որ կարող է աշակերտը հայտնվել թշնամու տեսադաշտում: Եթե այն ժամանակ կրակում էին, այսօր ի՞նչ երաշխիք ունենք, որ չեն կրակելու: Սահմանային զինվոր է դառնում դպրոցը, ու առաջին հարվածն անչափահաս երեխայի վրա է», - ասաց Ալավերդյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արդյոք Ադրբեջանն էլ Հայաստանին կվերադարձնի հայկական տարածքներըՊատերազմ թույլ չտալն է պատճառը, որ պետք է գնանք այս հատվածներում սահմանի ճշգրտման. Փաշինյան