Մատչելիության հղումներ

«Ո՞նց ենք զորքն անցնելու, գնալու հող մշակելու». տավուշցիները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի երկու գյուղում՝ Ոսկեպարում ու Կիրանցում է եղել, հանդիպել բնակիչների հետ։

Մասնակիցներից շատերը հրաժարվեցին հարցազրույցից, բայց ոմանք նշեցին, որ նախապես հայտարարված է եղել հանդիպման մասին։ Նրանց խոսքով՝ գրեթե բոլոր տներից գոնե մեկ անդամ հնարավորություն ունեցել է ներկա լինելու, կարողացել են իրենց հարցերն ուղղել։

«Ազատության» զրուցակիցներից շատերը չպատմեցին թե կոնկրետ ինչ են խոսել, ինչ է ասվել, բայց իրենց մտահոգությունները փարատված չէին համարում։ Տավուշցիներից մեկի խոսքով՝ Կիրանցի հարակից Խեյրիմլի ադրբեջանական նախկին գյուղից այն կողմ ինքը վարելահող է մշակել, մտահոգված էր՝ ի՞նչ կլինի դրա ճակատագիրը, եթե վերջնական որոշում լինի հանձնել այն։ Այդ դեպքում ստացվում է, որ ինքը ստիպված է լինելու ադրբեջանական տարածքով անցնել իր վարելահողին հասնելու համար։

Բնակիչներից մեկն էլ ասում է, որ վարչապետի ցուցադրած քարտեզի մակետի համաձայն՝ իր տան մի մասը նման սահմանագծման պարագայում անցնում է Ադրբեջանին։ Հարցրել է վարչապետին՝ ի՞նչ կլինի իր տան ճակատագիրը։

Ասուլիսի ժամանակ ցուցադրած մակետը
Ասուլիսի ժամանակ ցուցադրած մակետը

Նիկոլ Փաշինյանը, ըստ մասնակիցների, հստակ պատասխաններ չի տվել, բայց խոստացել է՝ բոլոր մտահոգությունները հաշվի կառնվեն, հավելել է, որ բանակցությունները վերջնական չեն։ Նա ասել է, որ վերջնական որոշման դեպքում ևս մեկ անգամ կհանդիպի տավուշցիների հետ։

«Ասաց՝ մինչև վերջնական բան լինի, նոր կգամ, կգամ, ձեզ հետ նորից կզրուցեմ։ Վերջնական ոչ մի բան չասաց։ Մենք ասել ենք, որ այնտեղ մեզ հող ունենք, ասաց՝ դա մեր քարտեզի մեջ է, մեր տարածքն է։ Լավ, մեր տարածքն է, բայց եթե ինքը եկավ, իրենց զորքը եկավ, էդտեղ նստեց, մենք ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք։ Ո՞նց կարա ինքը մեզ ապահովի, որ մենք գնանք այնտեղ, հող մշակենք», - ասաց Կիրանցի բնակիչ Հարութ Ավալյանը։

«Նույն Ղարաբաղի բանը գալու է այստեղ էլի։ Մենակ դուրս ենք գալու, գնանք մի տեղ, բռնելու են, տանեն, էդպես պիտի լինի էլի։ Չենք կարողանալու գնանք մեր հողը, երեխուն չենք կարալու թողնել՝ մենակ գնա դպրոց», - նշեց նա։

Հարցեր կային, որ տեղում դրանց սրությունն ավելի էմոցիոնալ ու ավելի գործնական զգացի. վարչապետ

Երևան ետդարձի ճանապարհին «Ազատությանը» հաջողվել է հանդիպել վարչապետին։

«Ազատության» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գյուղերի բնակիչներին ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ներկայացրած քարտեզի մակետը։

«Ամենակարևոր ասելիքն այն օրվա ասուլիսի ասելիքն էր՝ Հայաստանի այն նույն ուրվագիծը, որ ցույց եմ տվել այնտեղ, ցույց եմ տվել նաև այստեղ», - ի պատասխան, թե ի՞նչ առաջարկեց, ի՞նչ մտքերով էր եկել՝ ասաց նա։

Փաշինյանը վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով. - «Բնականաբար, մեզ էլ են ասել, և մենք այդ հարցերին պատասխանել ենք։ Եվ մեր մոտեցումն այն է, որ մարդկանց բարձրացրած այնպիսի մի հարց պետք է չլինի, որը մնա անպատասխան։ Եթե մնա անպատասխան, դա նշանակում է, որ մենք լուծում չունենք հարցին»։

Հարցին՝ «այդ պատասխանով է՞ր եկել այսօրվա հանդիպմանը», վարչապետն ասաց. - «Որոշ հարցերին այո, պատասխանով էինք եկել, բայց որոշ հարցերի հետ կապված էլ ես մարդկանց ուղիղ ասացի, որ ես այսօր եկել եմ ոչ միայն հարցերին պատասխանելու, այլև հարցերը հավաքելու և այդ հարցերը կառավարության սեղանին՝ որպես օրակարգ դնելու և դրանց պատասխանի շուրջ մտածելու և պատասխանով վերադառնալու համար։ Հարցեր կային, որ տեղում դրանց սրությունը, այսպես ասած, ավելի էմոցիոնալ ու ավելի գործնական զգացի»։

Անցած շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը խոստացել էր այցելել Տավուշ և զրուցել բնակիչների հետ։ Այդ օրը գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։

Պաշտոնական Բաքուն պահանջել է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Գյուղերի բնակիչները «Ազատության» հետ զրույցներում ասել էին, որ այդ դեպքում շրջափակման մեջ կհայտնվեն, կբախվեն բազում խնդիրների։

XS
SM
MD
LG