Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 5-ին Բրյուսելում կքննարկեն Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ միջոցառումը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի դիմակայունությունը:
ԱԽ քարտուղարն այլ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով, որ մոտակա շրջանում միջոցառման մասին ավելի մանրամասն խոսելու հնարավորություն կլինի:
2023-ի հոկտեմբերի 5-ին Փաշինյանը Գրանադայում հանդիպեց Ուրսուլա Ֆոն դեր Լայենին, քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային իրադրությանը, Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Եվրոպական հանձնաժողովի նախագահը ՀՀ վարչապետին նաև տեղեկացրել էր, որ Եվրամիությունը Միացյալ Նահանգների հետ միասին կկազմակերպի համատեղ հանդիպում Հայաստանին աջակցելու համար:
«Սա առաջին քայլն է՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Եվրոպան և Հայաստանն ունեն երկար ու հարուստ ընդհանուր պատմություն, և եկել է ժամանակը նոր գլուխ բացելու այդ ընդհանուր պատմության մեջ», - ասել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունն աջակցություն է հայտնում Հայաստանին