Ռուսական ազգային վճարային համակարգը Հայաստանից պաշտոնական ծանուցում է ստացել՝ հայկական բանկերը մարտի 30-ից չեն սպասարկի «Միր» քարտերը։ «Միր»-ի քարտապանները գործարքներ կկարողանան անել միայն ռուսական «ՎՏԲ Արմենիա»-ով։ Պատճառն ամերիկյան պատժամիջոցներն են։
Որոշ հայաստանյան բանկեր հաճախորդներին զգուշացնում են սպասվող փոփոխության մասին ու այլ քարտեր առաջարկում։ Կենտրոնական բանկն էլ ասում է՝ բանկերն ինքնուրույն են ընդունում այդ որոշումը։
«Միր»-ը Ռուսաստանի ազգային վճարային համակարգն է, հայկական շուկայում է 2017-ից։ Այս համակարգը Միացյալ Նահանգների թիրախում հայտնվեց անցած ամիս, Վաշինգտոնը պնդում է՝ դրա միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։
Կրեմլի դեմ պատժամիջոցներից հետո Հայաստանի ու Ռուսաստանի միջև շեշտակի աճած առևտրաշրջանառությունից, դեպի Հայաստան դրամական հոսքերից նաև հենց բանկերը մեծ օգուտներ քաղեցին, դրանց եկամուտները ռեկորդային չափերի հասան։
Ի՞նչ գումարների մասին է խոսքը. բանկային ոլորտն ուսումնասիրող տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ 2023-ին ֆիզիկական անձինք Ռուսաստանից Հայաստան ավելի քան 3 միլիարդ դոլար են փոխանցել՝ այդ թվում նաև «Միր» համակարգով. այդ քարտերով առևտուր են արել, ամենատարբեր վճարումներ կատարել:
«Մեր տնտեսության համար բավականին լուրջ գումար է, սա անշուշտ իր բացասական ազդեցությունը կթողնի Հայաստանում պահանջարկի վրա և ազդեցություն կունենա ծառայության ոլորտի, հանրային սեկտորի՝ հագուստ և այլ ոլորտների վրա», - նշեց Պարսյանը:
«Միր»-ի արգելափակումը Հայաստանում ինչպե՞ս կազդի հայաստանում ապրող ռուսների վրա։ Ստիպված կլինեն այլ տարբերակներ փնտրել, ասում է Տավուշի սարերում ապրող վլոգեր Յուրի Ալեքսեևը:
«Ես անձամբ «Միր» չեմ օգատգործում, «Յունի սթրիմ»-ից եմ օգտվում, և՛ գումար ուղարկելու, և՛ կանխիկացնելու հնարավորություն կա, եթե այստեղ եք ապրում բանկային հաշիվ բացելն առանձնապես դժվար բան չէ», - նշեց վլոգերը:
«Միր»-ը չսպասարկելու որոշման մասին Մոսկվայում էլ են խոսում։ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր հայտնել է, թե պարզաբանում են ակնկալում հայկական կողմից, հիմա Ռուսաստանի կառավարությունն այդ հարցով է զբաղվում։ Հայաստանի կառավարությունն այս հարցին չի անդրադարձել։