Մի խումբ իրավապաշտպաններ կառավարությունից պահանջում են չհրաժարվել Բաքվի դեմ հայցերից

Բեգլարյանը համոզված է՝ Հայաստանի գանգատներից հրաժարումը Բաքվին նոր հանցանքներ գործելու առիթ կտա

Հայաստանցի ու արցախցի իրավապաշտպանները կառավարությունից պահանջում են չհրաժարվել ընդդեմ Ադրբեջանի՝ Ստրասբուրգի ու Հաագայի դատարաններ ներկայացված հայցերից, կարծում են՝ այդ քայլը միջազգային ասպարեզում անդառնալի վնասներ կհասցնի Հայաստանին:

«Մենք կարծում ենք, որ առաջնահերթորեն Ադրբեջանի իշխանությունները, որոնք ընդհանրապես խաղաղության նպատակ չունեն, բարիդրացիության նպատակ չունեն և այլն, չպետք է անպատիժ մնան: Սա արդարության հարց է», - նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը համոզված է՝ Մարդու իրավունքների եվրոպական ու ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարաններում Հայաստանի գանգատներից հրաժարումը Բաքվին նոր հանցանքներ գործելու առիթ կտա։ Նախկին պաշտոնյան հայտարարում է՝ դրանով Երևանը նաև կփակի Արցախ հայերի վերադարձի հնարավորությունը։

«Ամենակարևոր հարցը մեր հավաքական վերադարձի հարցն է, որը 23 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանը նշել է, արձանագրել է, որ մենք այդ իրավունքն ունենք ու կրկին սա չի կատարվում, պատշաճ պայմաններ չեն ստեղծվում մեր վերադարձի համար, հետևաբար առնվազն այս հնարավորությունները փակվելու են, չհաշված, որ ՄԻԵԴ-ում ներկայացված միջպետական գանգատների շրջանակներում մեր իրավունքների ամբողջ սպեկտորը փակվում է», - ընդգծեց Բեգլարյանը:

Որ Երևանը հնարավոր է հրաժարվի Բաքվի դեմ ներկայացված գանգատներից, նախորդ շաբաթ չէր բացառել Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանի հետ բանակցություններում նաև այդ հարցն է քննարկվում։

«Եթե մենք խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գալիս ենք համաձայնության և հասնում ենք ստորագրման փուլին, ես չեմ բացառում ու նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք, խոսքը չի կարող լինել միայն Հայաստանի Հանրապետության պարագայում, նաև նման լուծման գնալը», - նշել է Փաշինյանը:

Բաքվից, ի դեպ, հայցերը ետ վերցնելու մասին հրապարակային պատրաստակամություն մինչև հիմա չի հնչել, ավելին՝ պնդել են, որ գործընթացը կշարունակեն։

Հայաստանը հրաժարվելու ճանապարհով հետամուտ չի լինում իր իրավունքների վերականգնմանը. իրավապաշտպան

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը շեշտում է՝ Երևանի՝ Բաքվի դեմ ներկայացված հայցերն ու Բաքուն ընդդեմ Երևանի գանգատները համարժեք չեն։ Բաքուն դեռ անցած տարեսկզբին Հաագայի արդարադատության դատարան էր դիմել՝ պահանջով, որպեսզի Հայաստանը դադարեցնի «ադրբեջանական տարածքների ականապատումը» և Լաչինի ճանապարհի օգտագործումը՝ Ղարաբաղ «ականները տեղափոխելու համար»։ Այս գործով լսումները նախատեսված են ապրիլինին։

«Դրանք ի պատասխան հայկական հայցերի են ներկայացվել, հայելային պատկեր ստանալու ու միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով, Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները խախտված չեն, ու դրա մասին է վկայում նաև անհատական գործերի բացակայությունը կամ սակավ թվով ներկայացված լինելը: Մենք այստեղ գործ ունենք ագրեսոր պետության հետ, որի գործողությունների հետևանքով տուժել են Հայաստանը, Արցախն ու հայերը», - ասաց Սահակյանը:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 հայց միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացված, ևս մեկը՝ ՄԱԿ-ի դատարան։ Հայաստանն այդ հայցերով անդրադառնում է 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Բաքվի իրականացրած հանցագործություններին, գերիների դատավարությանը, նրանց ապօրինի բանտարկությանը, Ադրբեջանի զինուժի՝ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժմանը, Արցախի շրջափակմանը, բնակչության տեղահանմանը։

«Հայաստանը հրաժարվելու ճանապարհով հետամուտ չի լինում իր իրավունքների վերականգնմանը ու ապօրինի ավարի լեգիտիմացում է ապահովում Ադրբեջանի համար», - ընդգծեց իրավապաշտպանը:

Կան նաև առանձին քաղաքացիների կողմից ներկայացված հայցեր։ Տուն-ունեցվածք կորցրած շատ արցախցիներ էլ, ըստ Արտակ Բեգլարյանի, չեն դիմել եվրոպական դատարան։

«ՀՀ կառավարության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ եթե միջպետական գանգատ կա, խոշոր առումով իմաստ չկա անհատական գանգատների, որովհետև առաջնահերթությունը տրվում է միջպետական գանգատներին: Ժողովուրդն էլ սրան հավատալով, իրավապաշտպան համայնքը դրան հավատալով, վստահելով անհատական գանգատներ մասսայական կերպով չեն ներկայացրել ՄԻԵԴ», - ասաց Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանը դեռ նոր հայցեր ներկայացնելու անհրաժեշտություն է տեսնում հատկապես Հաագայում գտնվող մյուս՝ Միջազգային քրեական դատարանին՝ Երևանի միանալուց հետո։ Շեշտում՝ իշխանությունները Հռոմի ստատուտը վավերացնելը հիմնավորում էին նաև միջազգային այս ատյանում Ադրբեջանի պատասխանատվության կանչելու հնարավորությամբ։