Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն այսօր մեկնում են Նիդերլանդներ՝ մասնակցելու հոկտեմբերի 12-ին Հաագայում Արդարադատության միջազգային դատարանի լսումներին։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի թիմը Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակումից հետո է դիմել դատարան։ Հայկական կողմը ՄԱԿ-ի դատարանին խնդրել է պարտավորեցնել Բաքվին զերծ մնալ «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»: Երևանը, միևնույն ժամանակ, ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ»։
Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցչի է կալանավորել, այդ թվում՝ նախկին երեք նախագահներին։
«Առնվազն խոչընդոտվել է Կարմիր խաչի հետ անհապաղ տեսակցությունները», - ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բաքվում բանտարկված արցախցի պաշտոնյաներին երկու շաբաթ անց դեռ չի այցելել։ Պատճառները չեն հրապարակվում, ինչո՞ւ, հարցնում է միջազգային իրավունքի մասնագետն ու պնդում՝ եթե Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն ազատորեն այցելում է նրանց, ապա Կարմիր խաչի կոմիտեին ևս պետք է թույլ տան մտնել բանտախցեր, ծանոթանալ պահման պայմաններին, լսել նրանց տեսակետը։ Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքները Եվրադատարանում պաշտպանող Սահակյանն ասում է՝ այս ձերբակալություններն ապօրինի են։
«Ի սկզբանե շինծու եք գնահատում նրանց վերագրվող հանցավոր արարքները: Չճանաչված պետությունում պաշտոն զբաղեցնելը կամ չճանաչված պետության պաշտպանությանը մասնակցելը թույլատրվող գործողություններ են, և մենք չունենք նախադեպ, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետականությունը ղեկավարելու համար: Ավելին՝ մենք գործ չունենք ապօրինի չճանաչված ռեժիմների հետ, իսկ միջազգային իրավունքում այդ սահմանագծերը չափազանց հստակ են», - ասաց Սահակյանը:
Բաքուն արդեն ծանր հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել արցախցի պաշտոնյաներին։ Նախկին երեք նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև բարձրաստիճան նախկին զինվորականներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը մեղադրվում են տարբեր ծանր հոդվածներով՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված կազմավորումների ձևավորում։
Սիրանուշ Սահակյանն ուշադրություն է հրավիրում Արցախի պաշտոնյաներին վերագրվող հատկապես ահաբեկչության մեղադրանքին։ Հիշեցնում է՝ տարիներ շարունակ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը դիտարկել է որպես հակամարտության կողմ և ինչ-որ ժամանակ բանակցել նաև Արցախի ղեկավարության հետ։
«Ահաբեկչական կազմակերպութունների կամ անձանց առումով ևս վարվում են ռեգիստրներ: Նորարարություն կատարած չեմ լինի, եթե վերահաստատեմ, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի որակվել որպես ահաբեկչական կազմավորում, իսկ դրանք ղեկավարած անձինք չեն ներառվել ահաբեկիչների ցանկում: Մյուս կողմից մենք գիտենք, որ Արցախի Հանրապետությունը նաև օրինական կերպով ներգրավված է եղել տարաբնույթ բանակցություններում, և բանակցողները ընկալել են որպես լեգիտիմ կողմ», - նշեց միջազգային իրավունքի մասնագետը:
Սահակյանի գնահատմամբ՝ Բաքուն, ծանր մեղադրանքներ ներկայացնելով Արցախի ղեկավարությանը, փորձում է ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ահաբեկչական կազմակերպություն էր և ինքնորոշման իրավունքը, որ մոտ 30 տարի բանակցային սեղանին էր, գոյություն չունի։