Տավուշի սահմանամերձ գյուղերում չեն հերքում՝ իրենցից մի քանի հարյուր մետրի վրա գտնվող վիճահարույց Բաղանիս-Այրումը խորհրդային քարտեզներում Ադրբեջանի տարածք է եղել։ Բաղանիսում ու Ոսկեվանում անգամ շեշտում են, որ 90-ականների կռիվներից հետո Հայաստանին անցած ու ավերված գյուղը երբևէ իրենց վարչական տարածքում չեն ներառել։
«Էդ գյուղը խորհրդային տարիներից իրենցն է եղել, դա փաստ է, Նիկոլն էլ գիտի, ես էլ գիտեմ, բոլորն էլ գիտեն», - ասում է տեղացիներից մեկը։
Բայց, միաժամանակ մտավախություն ունեն, որ Բաղանիս Այրումը Ադրբեջանին վերադարձնելու դեպքում իրենք ոչ միայն արոտավայր չեն ունենա, այլև ոռոգման ջրից կզրկվեն։ 13 տարի առաջ պետությունը 5,5 միլիոն դոլար է ծախսել ու անբնակ գյուղերի տարածքով հարակից գյուղեր սարից ջուր հասցրել։ Ոսկեվանի վարչական ղեկավար Սերգեյ Գրիգորյանն ասում է՝ դրա հույսին են գոնե վարուցանք անում։
«Հետո ճանապարհի խնդիր ենք ունենալու, ունենալու ենք ոռոգման ջրի խնդիր, որը չորս գյուղի համար արդեն բերել են, մի 7-8 տարի է՝ այդ ոռոգման ջրից օգտվում ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Կոթեցի երկարամյա մանկավարժ Սևակ Մադաթյանը հաշվում է՝ անցած 36 տարում Ադրբեջանի ուղիղ կրակոցներից իրենց գյուղի առնվազն 40 բնակիչ է զոհվել, ու հազարավորները՝ հիասթափված հեռացել՝ մի մասը՝ կրակոցներից, մյուսները՝ տասնամյակներով չլուծված խնդիրներից հոգնած։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե միակողմանիորեն տալիս են Ադրբեջանին, ծանր վիճակի մեջ ենք հայտնվում». Տավուշի գյուղերում անհանգիստ ենԿոթին Ադրբեջանի հետ ամենաերկար՝ 40 կմ-անոց սահման ունեցող գյուղն է։ Ադրբեջանական ութ ու հայկական ընդամենը մեկ հարևան բնակավայր ունի։ Արևմուտքից հենց Ոսկեվան գյուղն է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Մադաթյանը պատմության դասերից է մեջբերում, թե հարատև թշնամիներ չեն լինում, «Հայաստանն ու Ադրբեջանն էլ մի օր ի վերջո խաղաղ հարևանություն կանեն»։
«Ոչ ադրբեջանցիներն են այստեղից գնալու, ոչ էլ մենք ենք գնալու։ Պիտի գանք, իրար հետ պիտի հաշտվենք, դա 5 տարի հետո լինի, 20 տարի հետո լինի, երիտասարդներն իրենց կյանքը կերտում են հիմա», - կարծում է նա։
Արդյո՞ք Հայաստանի բանակցողները փորձում են պարզել՝ ինչ մտադրությամբ է Ադրբեջանը պահանջում Հայաստանի վերահսկողության տակ մնացած իր չորս գյուղերը, արդյո՞ք դրանք պետք են բնակեցնելու, թե՞ զուտ ռազմական ներկայություն ապահովելու համար։ Այդ նախկին գյուղական տարածքները հարևան երկրին հանձնելու դեպքում ի վերջո խաղաղություն կհաստատվի, թե ոչ, ու արդյո՞ք, սա միակողմանի զիջում կլինի. հարցեր են, որ հուզում են սահմանի բնակիչներին։
«Ամեն դեպքում այնտեղ ռազմական ներկայությունը լավ բան չի բերելու։ Խնդրեմ, մյուս կողմի ժողովուրդը կարա գա այդտեղ, մյուս կողմում իրենք բնակություն հաստատեն, մյուս կողմում մենք բնակություն հաստատենք, զորքը ոչ թե լինի առաջնագծում, այլ ժողովրդի թիկունքում, հետո իրենք հասկանան՝ ժողովուրդն ուզում են իրար հետ ապրել, թե չեն ուզում», - շեշտում են նրանք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 4 գյուղերի դիմաց Հայաստանի տարածքները չեն վերադարձվելու. Տիգրան Աբրահամյան
Միայն տասնամյակներով կրակի տակ ապրած մարդիկ կիմանան խաղաղության գինը, ասում է սահմանի բնակիչը՝ համոզված, որ այս հարցում միայն երկու երկրների ժողովուրդներն են շահագրգիռ՝ վերևներում պատկերացումներն ուրիշ են. - «Այս հարցը պիտի քննարկվի երկու կողմի ժողովրդի հետ, իրենց քաղաքական էլիտան ուրիշ մկրտումներ ու ցանկություններ ունի։ Չեմ կարծում, որ իրենք իրենց ժողովրդի հետ սենց պարզ տեքստով խոսում են»։
Բաղանիսցի Լենդրուշ պապը հիշում է՝ 90-ականներին անմարդաբնակ դարձած ադրբեջանական Բաղանիս Այրումը փոքր գյուղ էր, անգամ խանութ չուներ, քանի դեռ սահմանը փակ չէր, ադրբեջանցիները գալիս, իրենց գյուղից էին առևտուր անում։
Պատերազմի կորուստներն անձամբ իրենց մաշկի վրա զգացած գյուղացիները հաշվում են, թե քանի տարի իրենց բնակավայրերն այդպես էլ զարգացում չունեցան պատերազմների, կորցրած վարելահողերի ու չդադարող կրակոցների պատճառով, ու եզրակացնում՝ խաղաղություն չեղավ, դեռ երկար կդատարկվեն սահմանամերձ գյուղերն ու կմնան աղքատության մեջ։
Ադրբեջանից Կոթիի, Ոսկեվանի ու Բաղանիսի ուղղությամբ կրակոցներ վերջին անգամ 2020-ի գարնանն են եղել, որի հետևանքով 14 տարեկան մեկ երեխա էր վիրավորվել Ոսկեվանի իրենց տանը։