Մատչելիության հղումներ

4 գյուղերի դիմաց Հայաստանի տարածքները չեն վերադարձվելու. Տիգրան Աբրահամյան


Եթե սահմանազատման հանձնաժողովը սկզբունքների շուրջ որևէ համաձայնության չի հասել, ապա այս պարագայում Հայաստանի իշխանությունների կողմից ցանկացած որոշում տարածքային զիջումների հետ կապված ուղղված է ՀՀ անվտանգության և շահերի դեմ, «Ազատության» հետ զրույցում ասում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Վարչապետն այս շաբաթ հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիպարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն, բայց նա նույն կերպ չէր խոսել Հայաստանի օկուպացված 31 ոչ անկլավային տարածքների վերադարձից։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Արդյոք ասուլիսից հետո ընդդիմությունը չի՞ շահարկում այս 4 գյուղերի թեման, եթե Փաշինյանը պնդում է, որ կա սկզբունք սահմանը գծել՝ ըստ իրավական ուժ ունեցող փաստաթղթերի, քարտեզների։

Տիգրան Աբրահամյան. - Սահմանների ճշգրտման գործընթացը տանում են հատուկ ընթացակարգով, հատուկ հանձնաժողովների միջոցով և հատուկ սկզբունքների հիման վրա։ Հիմա եթե իշխանությունը հայտարարում է մի կողմից, որ կա հանձնաժողով, որ գործում է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով, սակայն այդ հանձնաժողովը սկզբունքների շուրջ որևէ համաձայնության չի հասել, շատ պարզ ասած՝ եթե դեռևս պարզ չէ, թե այդ սահմանների դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացը ինչի հիման վրա է իրականացվում՝ փաստաթղթեր, քարտեզներ և այլն, ապա այս պարագայում Հայաստանի իշխանությունների կողմից ցանկացած որոշում տարածքային զիջումների հետ կապված, բնականաբար, ոչ միայն այս լոգիկային չի համապատասխանում, այլև բացառապես ուղղված է Հայաստանի Հանրապետության անվտանգության և շահերի դեմ։

2020 թվականի պատերազմից հետո մեծ թվով ուղղություններում Հայաստանն ունեցել է տարածքային զիջումներ և հանձնման, և Ադրբեջանի կողմից օկուպացման հետևանքով։ Դեռ չեմ խոսում Տավուշի հայտնի հողերի, տարածքների հետ կապված, որի մասին նույնիսկ իշխանությունն էր խոսում՝ 31 գյուղերի տարբեր հատվածների, ունենք իրավիճակ Արծվաշենի հետ կապված, ունենք իրավիճակ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ադրբեջանական մխրճումների հետ կապված, և այս պարագայում դնել մի կողմ դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացը և Ադրբեջանի այն հայտարարությունը, որ իրենք պատրաստ չեն որևէ բան Հայաստանին զիջելու, այն տարածքները, որոնք Հայաստանի Հանրապետության հաշվին են օկուպացվել, ապա այս իրավիճակում ՀՀ իշխանությունների կողմից ցանկացած միակողմանի զիջում, դրա անունը ոնց ուզում են դնեն, բնականաբար, ՀՀ-ի շահերի և ժողովրդի շահերի դեմ է աշխատում։

Ամբողջությամբ՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG