Դելիմիտացիա-դեմարկացիա երևույթը նրա համար է, որ հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստան է, այն կողմ Ադրբեջան է, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Տավուշի մարզում ո՞րն է այդ սահմանագիծը, հարցին նախարարը հստակ չպատասխանեց, նշեց. - «Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն հասկանալ՝ որ քարտեզով են աշխատում, այն իրավական հիմքը, որով այդ գիծը հստակ կգծվի»։
Նախարարը, սակայն, ասաց, որ Տավուշի 4 գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, Հայաստանի վարչական տարածքում չեն գտնվում, միևնույն ժամանակ տեղեկացրեց՝ հայկական կողմն էլ 31 գյուղերի կենսական նշանակության տարածքներն է շարունակում պահանջել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Այսօր էլ հայտարարեց, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։
Սակայն, երեքուկես ժամ տևած ասուլիսում Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքների, այդ թվում՝ 31 գյուղերի տարածքների վերադարձի շուրջ վարչապետը որևէ հստակ հայտարարություն չէր արել։
Առավել մանրամասն տե՛ս այստեղ