Քաղաքական այն կուրսի շարունակությունը, որ որդեգրել է Երևանը, ի վերջո կարող է «անդառնալի վնաս հասցնել Ռուսաստանի հետ դաշնակցային կապերին», լուրջ վտանգներ ստեղծել հանրապետության ինքնիշխանությանն ու վերջնականապես խարխլել երկրի անվտանգության ապահովման գործուն մեխանիզմները», այսօր ճեպազրույցին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի պնդմամբ՝ Երևանի գործողությունները կարող են անդրադառնալ նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս հայտարարեց, թե Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցելու գաղափարը։
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պետնախարարն էր ՀԱՊԿ-ին էր անդրադարձել, հայտարարել, թե ընդունում են դաշինքին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք և աշխատելու են եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում:
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Իր վերջին ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հնչի պատասխանը հարցի, թե որն է Հայաստանում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին և համապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, կնշանակի՝ ռազմական դաշինքի հետ խնդիրները լուծված են: Հակառակ դեպքում, վարչապետը դարձյալ զգուշացրեց, Հայաստանը դուրս կգա դաշինքից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը նշեց՝ որ դեպքում կլուծվեն ՀԱՊԿ-ի հետ խնդիրները, հակառակ պարագայում «ՀՀ-ն դուրս կգա»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլում պատրաստ են ՀԱՊԿ-ի հարցով երկխոսություն ծավալել Երևանի հետ