Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում»


Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք և աշխատելու է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում, հայտարարել է ՄԹ զինված ուժերի պետնախարար Ջեյմս Հիպպին։

Նա նշել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային իր պարտավորությունները, միաժամանակ բրիտանացի պաշտոնյան նկատել է, որ սա դեռ չի նշանակում կազմակերպությունից պաշտոնական դուրս գալ:

«Միացյալ Թագավորությունը ստորագրել է ԵԱՀԿ սպառազինությունների էմբարգոն, և, որպես այդպիսին, Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է իրականացվի մանդատային սահմանափակումների շրջանակներում: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել Հայաստանի հետ՝ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները բացահայտելու նպատակով», - ի պատասխան պատգամավորներից մեկի հարցման՝ նշել է Ջեյմս Հիպպին։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

ՌԴ ԱԳ նախարարը, իր հերթին, հայտարարել է՝ Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականությունն ի սկզբանե սխալ համարելու մասին Երևանից հնչող հայտարարությունները կարող են հանգեցնել երկկողմ հարաբերությունների էական վերանայման։

XS
SM
MD
LG