Պաղեստինյան արմատական «Համաս» շարժման ներկայացուցիչները կիրակի օրը կարող են վերադառնալ Կահիրե, որտեղ կշարունակեն բանակցությունները Գազայի հատվածում հրադադար հաստատելու և իսրայելցի պատանդներին պաղեստինցի կալանավորների հետ փոխանակելու շուրջ:
Այս մասին հայտնում է The Wall Street Journal ամերիկյան պարբերականը, որը հղում է անում իր անանուն աղբյուրներին։
Գազայի հատվածում փաստացի իշխող «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրոպական միությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել:
Եգիպտոսի անանուն պաշտոնյաները հանդեսի հետ զրույցում մտահոգություն են հայտնել, որ Գազայում «Համաս»-ի ղեկավար առաջնորդ Յահյա Սինվարը միտումնավոր փորձում է խափանել բանակցությունները, քանի որ ահաբեկիչներն իրենց շահերից բխող են համարում լարվածության աճը տարածաշրջանում:
Մասնավորապես, Սինվարը ենթադրում է, որ մարտի 10-ին մեկնարկող Ռամադանը՝ մահմեդականների սուրբ ամիսը, նպաստավոր է արաբական և մահմեդական աշխարհում «Համաս»-ին աջակցելու առումով:
Սինվարի համոզմամբ, Վաշինգտոնի և Իսրայելի միջև առաջացած հակասությունները թույլ կտան «Համաս»-ին ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել: «Համաս»-ը պահանջում է մշտական հրադադար և իսրայելական բանակի ամբողջական դուրսբերում Գազայի հատվածից:
Ըստ The Wall Street Journal-ի, Քատարը սպառնացել է Դոհայում փակել «Համաս»-ի քաղաքական բյուրոյի գրասենյակը, եթե այն չկարողանա Գազայում գտնվող «Համաս»-ի զինյալներին համոզել ընդունել հրադադարը:
Ըստ ամերիկյան պարբերականի, չորեքշաբթի օրը՝ մարտի 6-ին, Եգիպտոս է այցելել նաեւ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը։ Նա երեկ մեկնել է Քատար։
Մարտի 3-ից Կահիրեում Գազայի հարցով բազմակողմ խորհրդակցություններ են անցկացվում և այս փուլում, ինչպես հաղորդում է Al Jazeera արաբական անգլալեզու հեռուստակայանը, քննարկումներում այսօրվա դրությամբ առաջխաղացում չկա:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում խիստ սրվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի ահաբեկիչները Գազայի հատվածից հարձակվել են Իսրայելի խաղաղ բնակավայրերի վրա: Զոհվել է մոտ 1200 իսրայելցի, կան հարյուրավոր պատանդներ:
Իսրայելը հայտարարել է, թե «բանակը Գազայի հատվածը պետք է մաքրի «Համաս»-ի զինյալներից»:
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի հատվածը գրեթե ամբողջությամբ ավերվել է, զոհվել է ավելի քան 30 հազար պաղեստինցի, ավելի քան 72 հազարը վիրավորվել է:
Արաբական և մահմեդական աշխարհի պնդմամբ, Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում: Իսրայելը կտրականապես հերքում է մեղադրանքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը Կահիրեում չի մասնակցել Գազայում զինադադարի հարցով բանակցություններին. BBC