Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարությունները, մասնավորաբար Ալմա-Աթայի հռչակագրի մասին հիշատակումները։
«Բոլորին են հայտնի այն պայմանները, որ առաջ է քաշել հայկական կողմը Ալմա-Աթայի հռչակագրին միանալու ժամանակ, և որին նրանք մշտապես հղում են կատարում։ Հայտնի է այն օրենսդրական ակտերի մասին, որոնք դեմ են Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս ճանաչմանը», - հայտարարել է Հաջիզադեն։
Այսօր Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին Միրզոյանը, վերահաստատելով հավատարմությունը խաղաղության օրակարգին, շեշտել էր, որ ամենաառանցքայինն ու կարևորը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է, և հետագա սահամանազատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և դրանով սահմանվող սկզբունքների վրա։
«Ըստ այդմ՝ 1991 թվականի սահմանագծի. մի սկզբունք, որի շուրջ և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ պայմանավորվածություն կրկին ձեռք են բերել, իրենց հավատարմությունն այս հռչակագրին վերահաստատել են, օրինակ՝ Պրահայում, Սոչիում, Բրյուսելում և այլուր», - ասել էր նախարար Միրզոյանը:
«Այն հանգամանքը, որ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին ու ստանձնած պարտավորություններին հայկական կողմը երեք տարի շարունակ ընդդիմանում էր հաղորդակցության ուղիների բացմանը, համաձայնության գալու նպատակով հարցի գործնական լուծման որևէ տաբերակ չէր առաջարկում, այլ ընդամենը հանդես էր գալիս մի շարք պոպուլիստական հայտարարություններով, տարածաշրջանում համագործակցությանը չնսպաստող գործոններից մեկն է», - նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ապաշրջափակման մասին ևս Միրզոյանն այսօր խոսել է՝ ասելով, որ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են ապաշրջափակվել՝ սկզբունքով, որ Հայաստանի ենթակառուցվածքները պետք է մնան Հայաստանի Հանրապետության և, Ադրբեջանինը՝ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, գործեն երկու երկրների իրավազորության ներքո։