Անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի, այլև մյուս կողմի՝ Ադրբեջանի հստակ հանձնառությունն առանցքային հարցերի շուրջ, Նիդերլանդների արտգործնախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները, մասնավորապես, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարևորությունը:
Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման և ՀՀ խաղաղության օրակարգի համատեքստում Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում դրված հանրաճանաչ սկզբունքներին։