Իրանն աջակցում է Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ ընդգծելով՝ Թեհրանը կողմնակից է տարածաշրջանի ներսում կապերի ընդլայմանը։
«Մենք երթուղիների ապաշրջափակման ցանկացած նախագծի գլխավոր նախապայման ենք համարում երկրների ինքնիշխանության իրավունքը։ Մենք ողջունում ենք այն նախագիծը, որը նպաստում է տարածաշրջանի տնտեսական դինամիկ կապերի համակարգում Հայաստանի դերակատարության հնարավորության ստեղծմանը»,- նշել են Իրանի դեսպանությունից։
Անցած տարվա հոկտեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խաղաղության օրակարգը՝ շեշտելով՝ նախագիծը խաղաղության օրակարգի կարևոր մի մաս է:
Ըստ Հայաստանի գործադիրի ղեկավարի՝ «նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով»։