Մարտի 5-ին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի հեռահար ավիացիայի հրամանատար Սերգեյ Կոբիլաշի և Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար Վիկտոր Սոկոլովի ձերբակալության միջազգային օրդեր է դուրս գրել: Նրանց կասկածում են պատերազմական հանցագործությունների մեջ։ Սոկոլովը, ոչ պաշտոնական տվյալներով, փետրվարին պաշտոնանկ է արվել։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր կրկին ընդգծել է. - «Մենք Հռոմի ստատուտի կողմ չենք, մենք այն չենք ճանաչում: Եվ համապատասխանաբար ենք վերաբերվում նման որոշումներին»։
Միջազգային քրեական դատարանն ավելի վաղ՝ անցած տարվա մարտին նման մի օրդեր էլ դուրս էր գրել Ռուսաստանի նախագահի նկատմամբ: Այս ընթացքում Վլադիմիր Պուտինը չի այցելել Հռոմի ստատուտը ստորագրած երկրներ:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի՝ լայնածավալ ագրեսիան շարունակվում է երկու տարուց ավելի և պարբերաբար տեղափոխվում է հենց Ռուսաստանի տարածք:
Վերջին մի քանի ժամվա ընթացքում երկու անօդաչու սարքեր խոցել են Ուկրաինային սահմանակից Կուրսկի մարզի Ժելեզնոգորսկ քաղաքի Միխայլովսկի լեռնահարստացման կոմբինատի վառելիքի և քսանյութերի պահեստը, ռուսական կողմի պնդմամբ՝ զոհեր չկան։ Կոմբինատի սեփականատերն օլիգարխ Ալիշեր Ուսմանովն է։ Համացանցում տարածվել է կոմբինատում բռնկված մեծ հրդեհի տեսագրությունը։
Փետրվարի 24-ին էլ հարձակման է ենթարկվել Ռուսաստանի խոշորագույն Նովոլիպեցկի մետալուրգիական գործարանը։
Ռուսաստանի միանգամից երեք` Վորոնեժի, Բելգորոդի և Կուրսկի մարզերի նահանգապետերը հայտնել են այս գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։
Իր հերթին, Ռուսաստանն այս գիշեր հարձակվել է Ուկրաինայի վրա 42 անօդաչու սարքերով, որոնցից 38-ը Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է:
Իսկ ճակատում իրավիճակն էապես չի փոխվել՝ ռուսներն ակտիվ գրոհում են մի քանի ուղղությամբ:
Ուկրաինական հրամանատարությունը հայտնել է ռուսական զորքերի հինգ հարձակումների մասին Զապորոժիեի շրջանի Օրեխովսկի ուղղությամբ Գուլյայպոլե, Մալինովկա և Ռաբոտինո բնակավայրերի շրջանում: Գնդակոծության է ենթարկվել տարածաշրջանի առնվազն 15 բնակավայր, հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Կատաղի մարտերը շարունակվում են նաև Ուկրաինայի Չասով Յար, Բելայա Գորա բնակավայրերի, Ավդեևկայի, Նովոմիխայլովսկի շրջանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հաղորդում է ռուսական պարեկային նավ խոցելու մասին, ռուսները շարունակում են գրոհելԵրեկ ուկրաինական կողմը հայտնել էր, թե ռուսները նոր ուժեր են տեղափոխում Նովոմիխայլովսկի շրջան՝ Դոնեցկի մարզում է՛լ ավելի առաջ գնալու նպատակով։ Ընդ որում, ռուսները փորձում են համալրել իրենց ուժերն Ուկրաինայում նաև արտասահմանցիներով։
Հնդկաստանի 7 քաղաքացիները պնդում են, որ իրենց ստիպում են կռվել Ուկրաինայում
Համացանցում հայտնվել է Հնդկաստանի յոթ քաղաքացիների տեսաուղերձը, որում նրանք պնդում են, թե իրենց ստիպում են կռվել Ուկրաինայում:
Տղամարդկանց խոսքով՝ իրենք եկել են Ռուսաստան՝ Ամանորը նշելու, ինչից հետո զբոսավարն առաջարկել է այցելել Բելառուս, բայց չի ասել, որ դրա համար վիզա է անհրաժեշտ։ Գործակալը վերցրել է գումարն ու անհետացել։
Հնդկաստանի քաղաքացիները ձերբակալվել են Բելառուսի իրավապահների կողմից և հանձնվել ռուսներին։ Ռուսներն էլ, իրենց հերթին, ստիպել են զբոսաշրջիկներին ստորագրել անհայտ փաստաթղթեր՝ պատճառաբանելով, թե հակառակ դեպքում 10 տարով բանտ են նստելու։ Օտարերկրացիները հայտնել են, որ այս ամենից հետո իրենց ուղարկել են պարապմունքների, իսկ հետո՝ ռազմաճակատ։
Կոչը հրապարակել է հնդկական հեռուստաընկերության լրագրողը։