Տարածաշրջանի համար որոշիչ մարտահրավերը Ռուսաստանի պատերազմն է Ուկրաինայի դեմ․ Ուիլյամ Քորթնի

Այժմ տարածաշրջանի համար որոշիչ մարտահրավերը Ռուսաստանի պատերազմն է Ուկրաինայի դեմ, «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Վրաստանում և Ղազախստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին։

Ըստ նախկին դեսպանի՝ եթե Ռուսաստանը ընկալի, որ հաղթում է կամ հաղթել է այդ պատերազմում, ապա Մոսկվայից եկող ռիսկերը նախկին խորհրդային մյուս պետությունների համար կարող են աճել:

Հրայր Թամրազյան․ - Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո նախկին խորհրդային հանրապետություններն, ինչպիսիք են՝ Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը, կանգնած են կարևոր մարտահրավերների առջև՝ պաշտպանելու իրենց անկախությունը։ Ուկրաինան, Հայաստանը և այն երկրները, որոնք պայքարում են իրենց միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանության համար, ծանր գին են վճարում։ Ռուսաստանի գործողությունները մտավախություն են առաջացրել, որ այլ երկրներ ներառյալ Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը և հնարավոր է նաև Ղազախստանը կարող են բախվել նմանատիպ սպառնալիքների, եթե այդ գործողությունները մնան անպատիժ։

Ուիլյամ Քորթնի. - Այժմ տարածաշրջանի համար որոշիչ մարտահրավերը Ռուսաստանի պատերազմն է Ուկրաինայի դեմ: Եթե Ռուսաստանը ընկալի, որ հաղթում է կամ հաղթել է այդ պատերազմում, ապա Ռուսաստանից եկող ռիսկերը նախկին խորհրդային մյուս պետությունների համար կարող են աճել: Մենք արդեն տեսնում ենք դրա որոշ նշաններ։ Մերձդնեստրում որոշ խորհրդարանականներ օգնության են դիմել Ռուսաստանին։ Ռուսաստանը, հավանաբար, մասամբ Ուկրաինայի դեմ իր պատերազմի պատճառով, մի կողմ քաշվեց [Ղարաբաղյան] հակամարտությունում անցյալ տարի, երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը: Հավանաբար, ապագայում այլ ճնշումներ էլ կլինեն: Այնպես որ, բոլոր երկրների համար կարևոր է աջակցել Ուկրաինային՝ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու պայքարում:

Հրայր Թամրազյան․ - Պարոն դեսպան, հնարավո՞ր է, որ Արևմուտքը՝ ներառյալ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, թերագնահատել են Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքների լրջությունը կամ սխալ են գնահատել Ռուսաստանի մտադրությունները։ Ժամանակին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումն աներևակայելի էր թվում։ Կարո՞ղ էր ԱՄՆ-ը ավելի վճռական գործողություններ ձեռնարկել՝ Ռուսաստանի ագրեսիան կանխելու համար։ Քննադատները պնդում են, թե ԱՄՆ նախագահների մեծ մասը, բացառությամբ նախագահ Բայդենին, չափազանց մեղմ էին Պուտինի նկատմամբ։ Օրինակ՝ նախագահ Ջորջ Բուշը մի անգամ ասաց, որ Պուտինի աչքերում լավ մարդ է տեսնում, նախագահ Օբաման լավատեսություն հայտնեց նրա հետ աշխատելու վերաբերյալ, իսկ Թրամփը բացահայտ հիացմունքով էր խոսում Պուտինի մտավոր կարողությունների մասին։ Միայն Ջո Բայդենն է մարտահրավեր նետել Պուտինին և համախմբել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ պատերազմի ընթացքում Ուկրաինային աջակցելու համար։ Ի՞նչ կասեք այս մտահոգությունների վերաբերյալ։

«Ռուսաստանը ներսում ավելի ու ավելի ռեպրեսիվ է դառնում, իսկ դրսում՝ ավելի ու ավելի ագրեսիվ»

Ուիլյամ Քորթնի. - Եթե հետ նայենք, ապա ԱՄՆ նախագահների մեծամասնությունը, ըստ երևույթին, լավ հասկացել է Ռուսաստանը այն ժամանակ, երբ նրանք նախագահներ էին: Սակայն Ռուսաստանը վերջին 30 տարիների ընթացքում ավելի ու ավելի ռեպրեսիվ է դառնում ներսում, իսկ դրսում՝ ավելի ու ավելի ագրեսիվ: Այն երբեք այնքան ռեպրեսիվ չի եղել, որքան հիմա՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: Եվ երբեք ավելի ագրեսիվ չի եղել, քան հիմա: Այսպիսով, այժմ Արևմուտքը գործ ունի այլ Ռուսաստանի հետ, [դա այն Ռուսաստան չէ], որ եղել է Օբամայի կամ Բուշի օրոք:

Հրայր Թամրազյան․- Դուք նույնպես ծառայել եք Ռուսաստանում։ Ինչպես կարդացի Ձեր կենսագրությունում, Դուք ծառայել եք Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը, երևի հետևում էիք Պուտինին, չե՞ք զարմանում այն վերափոխության վրա, որ նա ապրեց ավտորիտար առաջնորդից դառնալով դաժան բռնակալ առաջնորդ։

Ուիլյամ Քորթնի. - Այդ հարցին թույլ տվեք երկու պատասխան տալ։ Ես Մոսկվայում Ամերիկայի դեսպանատանը ծառայել եմ Բրեժնևի ուշ ժամանակաշրջանում՝ լճացում կոչվող ժամանակաշրջանում։ Սա այն ժամանակն էր, երբ Խորհրդային Միությունը ներխուժել էր Աֆղանստան։ Այն սպառնում էր ներխուժել Լեհաստան՝ ոչնչացնելու «Համերաշխություն» ազատ արհմիությունը: Այն սպառնում էր Եվրոպայի հետ միջուկային պատերազմով, եթե Եվրոպան տեղակայեր ՆԱՏՕ-ի հրթիռները՝ խորհրդային SS-20 հրթիռներին հակազդելու համար: Այսպիսով, դա մի ժամանակաշրջան էր, որ շատ նման էր այսօրվան, մի ժամանակաշրջան էր, երբ Մոսկվան իր ուժերից ավելին էր փորձում անել: Դրսում բավականին ագրեսիվ էր, իսկ ներսում՝ բավականին ռեպրեսիվ։ Բայց պարզվեց, որ Խորհրդային Միությունը ներսից թույլ էր։ Եվ այսպես, 1985 թվականին Խորհրդային Միությունն առաջ բերեց ազատական գործչին՝ Գորբաչովին։ Վեց տարի անց նա սնանկացրեց Խորհրդային Միությունը, և կոմունիստական համակարգը փլուզվեց, ու Բորիս Ելցինը եկավ իշխանության: Այսպիսով, համեմատելով անցյալի հետ, այսօրվա իրավիճակը կարող է ավելի մոտ լինել 1980-ականների սկզբի իրավիճակին, քան ցանկացած այլ իրավիճակին, որ մենք տեսել ենք մեր ժամանակներում:

Ինչ վերաբերում է Պուտինի էվոլյուցիային, ապա դժվար է իմանալ, թե որքանով է դա պայմանավորված հանգամանքներով կամ գաղափարական տեսանկյունից նրա սեփական հակումներով: Բայց մենք տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում Պուտինը մի կողմ է թողել տնտեսական լիբերալներին և մյուսներին ու իր բոլոր որոշումները կայացնելիս ապավինում է միայն ԿԳԲ-ի նախկին կոհորտային: Սա որոշումների կայացման ավելի նեղ շրջանակ է, քան ուներ նույնիսկ Խորհրդային Միությունը: Քաղբյուրոն ուներ խորհրդականների ավելի լայն ներկայացվածություն, քան Պուտինը: Այսպիսով, մենք տեսանք, որ Պուտինը գնում է ավելի ու ավելի շատ բռնաճնշումների ուղղությամբ, և ինչ-որ պահի դա հավանաբար կստիպի Ռուսաստանին որևէ հիմնարար փոփոխություն կատարել, որպեսզի Ռուսաստանը կարողանա վերականգնվել:

«Պուտինի այժմյան իշխող ռեժիմը նման է ստալինյան ռեժիմին»


Հրայր Թամրազյան․ - Ես կարծում եմ, որ նա գործում է Ստալինի պես, նա վերահսկում է իր պոտենցիալ մրցակիցներին, նա սպանում, թունավորում է նրանց։ Սա իսկապես աննախադեպ է։ Եթե հետ նայեք, ինչպես հենց նոր արեցիք՝ բերելով Խորհրդային Միության օրինակը, Ստալինից հետո նման մեկի հավանաբար չէիք տեսնի, բայց նա գնալով էլ ավելի վատթար է դառնում։ Ինչպե՞ս եք գնահատում Պուտինի վարքագիծը։

Ուիլյամ Քորթնի. - Թվում է, որ դա Պուտինի այժմյան իշխող ռեժիմի ասպեկտներից մեկն է, որ նման է ստալինյան ռեժիմին: Օրինակ՝ Վլադիմիր Կարա-Մուրզան դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, որը նման է Ստալինի օրոք կայացվող դատավճիռների։ Ստալինից հետո քաղաքական պատճառներով հետապնդվողների նկատմամբ այդքան երկար դատավճիռներ չէին կայացվում։ Աճող ավտորիտար և ավտոկրատական իշխանությունը նույնպես ավելի է նմանվում Ստալինի իշխանությանը և Խորհրդային Միությանը: Այնպես որ, Ռուսաստանը դեռ տոտալիտար պետություն չէ, բայց Ռուսաստանի ներսում բռնաճնշումները, ցավոք, գնում են ստալինյան դարաշրջանի ուղղությամբ։ Բայց դեռ պարզ չէ, թե արդյոք նա այնտեղ կհասնի:

Հրայր Թամրազյան․ - Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմը, որը, ոմանց կարծիքով, չէր լինի առանց Ռուսաստանի հավանության, լուրջ մտահոգություններ կան հակամարտության հետագա սրման վերաբերյալ։ Չնայած ռուսական զորքերը որպես խաղաղապահներ տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում, տարածաշրջանի ողջ էթնիկ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իրենց հողերից։ Ականատեսների պատմությունները վկայում են, որ ռուսները նույնիսկ օգնել են ադրբեջանցիներին էթնիկ հայերին դուրս մղելու հարցում։ Միջազգային հանրությունը դատապարտել է այս ագրեսիան որպես Էթնիկ զտում։ ԱՄՆ-ը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ հարձակումը կարմիր գիծ է իրենց համար, բայց չնայած ԱՄՆ ջանքերին, այդ թվում՝ Բլինքենի նախազգուշացումներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հարձակումը տեղի ունեցավ և հայերը բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից։ Տարիներ առաջ անհնար էր դա պատկերացնել, որ Ադրբեջանի նախագահը կարող էր անտեսել ԱՄՆ-ի նախազգուշացումները և ռազմական հարձակման անցնել։

Ուիլյամ Քորթնի. - Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված իրավիճակը, հավանաբար, շատ ավելի շատ կապ ունի այնտեղ տեղի ունեցածի հետ, քան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ այլ արտաքին ուժերի դիրքորոշումների հետ: Հայաստանը շատ երկար ժամանակ վերահսկում էր Լեռնային Ղարաբաղը և դրա շուրջ գտնվող հինգ ադրբեջանական շրջաններ։ Սակայն ժամանակի ընթացքում Ադրբեջանն ավելի ու ավելի հարստացավ իր նավթի և այլ գործոնների շնորհիվ: Ուստի ուժերի հարաբերակցությունը փոխվեց հօգուտ Ադրբեջանի։ Իսկ Ադրբեջանն ավելի սերտ կապեր ուներ Թուրքիայի հետ։ Հայաստանը չափազանց երկար ժամանակ պահեց չափազանց մեծ տարածքներ: Ու երբ Ադրբեջանը հարձակվեց 2020 թվականին, նա կարողացավ հետ վերցնել ադրբեջանական տարածքները։ Իսկ հիմա, իհարկե, գրավեց նաև Լեռնային Ղարաբաղը։ Այսպիսով, հավանաբար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պատասխանատու են մի շարք սխալների համար, որոնք հանգեցրել են մի իրավիճակի, որն իսկապես ողբերգական է դարձել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի համար, ովքեր ստիպված են եղել փախչել Հայաստան: Բայց կարծում եմ, որ տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններն են, որ հիմնական դեր են ունեցել այստեղ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև