Մատչելիության հղումներ

Պուտինը նոր սպառնալիքներ է ուղղում աշխարհին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան ուղերձով դիմում է Դաշնային ժողովին, Մոսկվա, 29-ը փետրվարի, 2024թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան ուղերձով դիմում է Դաշնային ժողովին, Մոսկվա, 29-ը փետրվարի, 2024թ.

Ավելի քան երկու տարի Ուկրաինայի դեմ պատերազմող Պուտինն այսօր աշխարհին ուղղված նոր սպառնալիքներ հնչեցրեց՝ հիշեցնելով, որ զինանոցում նաև միջուկային զենք ունի։ Տարեկան ուղերձով դիմելով խորհրդարանին՝ Կրեմլի ղեկավարը պնդեց, թե իր երկրում բացարձակ մեծամասնությունն աջակցում է ագրեսիային, արտաքին ուժերն էլ, եթե փորձեն միջամտել կամ ներխուժել Ռուսաստան, ծանր հակահարված կստանան։

«Նրանք պետք է ի վերջո հասկանան, որ մենք էլ ունենք զենք, և իրենք գիտեն այս մասին, մենք էլ ունենք զենք, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները», - հայտարարեց Ռուսաստանի նախագահը:

Պուտինը թերևս խոսում էր Ֆրանսիայի նախագահի մասին, ով այս շաբաթասկզբին հայտարարեց, թե Ուկրաինայի հաղթանակի համար պետք է նաև դիտարկել այդ երկիր ՆԱՏՕ-ի զորք ուղարկելու հնարավորությունը:

«Մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր ժամանակին իրենց զորքերն ուղարկեցին մեր երկրի տարածք։ Հիմա հնարավոր հետևանքները նրանց համար շատ ավելի ողբերգական կլինեն», - ասաց ՌԴ նախագահը:

Մի քանի շաբաթից վերընտրության գնացող Պուտինը կրկին բաժանարար գծեր անցկացրեց Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։ Մի կողմում իրենք են, մյուս կողմում՝ հակառակորդները, ինչպես «սառը պատերազմի» ժամանակ։ Ընդ որում, ընդգծեց, որ այդ իրավիճակն առաջիկայում դժվար թե փոխվի, քանի որ Մոսկվան այսօր չի ուզում Արևմուտքի, ավելի կոնկրետ՝ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ։

«Արևմուտքի նպատակը մեր զարգացումը զսպելը չէ միայն, Արևմուտքին Ռուսաստանի փոխարեն մահացող տարածք է պետք, բայց նրանք սխալվում են իրենց հաշվարկներում», - վստահեցրեց ՌԴ նախագահը:

Խոստանալով զարգացում ու բարգավաճում՝ Պուտինը միաժամանակ պնդեց՝ Ռուսաստանը շարունակելու է պատերազմը Ուկրաինայի դեմ, որը տասնյակ հազարավոր ռուսաստանցիների կյանքեր է խլել։ Ընդ որում, ինչպես անցած տարվա երկու ժամանոց ելույթում, այս անգամ էլ նա որևէ անգամ չօգտագործեց «պատերազմ» բառը, Ուկրաինայի վրա հարձակումը որակեց որպես հատուկ գործողություն՝ կրկնելով իր կեղծ թեզերը, թե դրա նպատակն է արմատախիլ անել «ֆաշիզմն Ուկրաինայում»։

Ուղերձից առաջ Կրեմլի խոսնակը լրագրողներին ասել էր, թե Պուտինն այսօր ելույթ է ունենալու ոչ միայն որպես գործող նախագահ, այլև՝ նախագահի թեկնածու, ուստի նա մանրամասն անդրադարձավ սոցիալական հարցերին, նախընտրական խոստումներ տվեց թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու, բայց այդպես էլ որևէ բառ չասաց Ռուսաստանում ու երկրից դուրս ամենաշատը քննարկվող թեմայի՝ բանտում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG