Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանի բնակելի շենքերից մեկում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Տուժածներ չկան: Այդ մասին հայտնել է տեղական իշխանությունը:
«Մենք գիտենք, որ զոհեր չկան, սա փաստ է: Երկու տների պատշգամբների ապակեպատումը մասամբ վնասվել է, բնակիչները տարհանվել են», - հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը:
Ռուսական իշխանությունները չեն հայտնում, թե կոնկրետ ինչ է պատահել, մինչդեռ, չհաստատված տեղեկությունների համաձայն, շենքը վնասվել է ուկրաինական փոքր անօդաչու թռչող սարքի հարվածից:
Տարհանվել է ավելի քան հարյուր մարդ, վեց բնակիչ դիմել է բուժօգնության, մեկ կին տեղափոխվել է հիվանդանոց:
Ռուսական ոչ պաշտոնական աղբյուրները ենթադրում են, որ անօդաչուի թիրախը, հավանաբար, մոտակայքում գտնվող «Ռուչյի» նավթապահեստն է եղել: