Մոսկվան հայտարարում է, թե Ուկրաինայի զինված ուժերն են խոցել Բելգորոդում այսօր կործանված Իլ-76 օդանավը, որը, ըստ ռուսական կողմի, ուկրաինացի գերիների էր տեղափոխում՝ փոխանակման համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ինքնաթիռում եղել են 65 ուկրաինացիներ, ռուսական կողմից՝ անձնակազմի 6 անդամներ ու 3 ուղեկցողներ, բոլորը զոհվել են։
«Ուկրաինայի զինուժը խոցել է ինքնաթիռը Խարկովի Լիպցի բնակավայրի տարածքից՝ զենիթահրթիռային համակարգի միջոցով։ Ռուսական ռադիոլոկացիոն կայաններն արձանագրել են ուկրաինական երկու հրթիռների արձակումը», - հայտարարել է Ռուսաստանի ՊՆ-ի ներկայացուցիչը։
Կիևն առայժմ չի հաստատում, որ ուկրաինական զինուժն է թիրախավորել ռազմական ինքնաթիռը, պնդելով, թե հետաքննություն է ընթանում։
Մինչ այդ, ուկրաինական մի քանի լրատվամիջոցներ հաղորդել էին, թե ինքնաթիռը կործանվել է ուկրաինական զինուժի կողմից։ «Ուկրաինսկայա պրավդա»-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իլ-76-ը ոչ թե գերիների էր տեղափոխում, այլ՝ C-300 զենիթահրթիռային համակարգեր: Ավելի ուշ, սակայն, այս հրապարակումները խմբագրվեցին և հեռացվեցին։
«Ազատության» ուկրաինական ծառայությունը մեկնաբանություն է խնդրել Գլխավոր շտաբից, ուժայինները փոխանցել են, որ առայժմ ուսումնասիրում են հանգամանքները։ Հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը, միաժամանակ, հաստատել է, որ այսօր կողմերի միջև գերիների փոխանակում էր նախատեսված։
Ռուսական քարոզչամեքենայի՝ RT-ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է ուկրաինացի գերիների ցանկը, որոնք իբրև թե եղել են ինքնաթիռում։ Պաշտոնական Կիևն այս տեղեկությունը ևս առայժմ չի մեկնաբանել, սակայն լրատվամիջոցների, այդ թվում՝ BBC- ի հետաքննությունը վկայում է, որ ցանկում ներառվածներն իսկապես գերեվարված էին և գտնվում էին ռուսական կողմում։ Կան նաև հաղորդումներ, որ մինչ այս էլ գերիների փոխանակման ժամանակ ռուսական կողմը նրանց Իլ-76-ով է տեղ հասցրել։
Մինչ Կիևը պաշտոնապես կհաստատի կամ կհերքի ռուսական կողմի մեղադրանքները, ռազմական փորձագետներն են ուսումնասիրում աղետի տեսանյութն ու տեղանքը։
«Ծխի հետքը օդում վկայում է, որ ինքնաթիռն իսկապես խոցվել է երկնքում», - պնդում է գերմանական Bild-ի վերլուծաբան Յուլիան Ռեպկեն, հավելելով, թե իր համոզմամբ` ռազմական ինքնաթիռը խոցման պահին պատրաստվել է վայրէջքի։
Ըստ ռուսական կողմի, գերիների փոխանակումը պետք է տեղի ունենար այսօր երեկոյան վթարի վայրից քիչ հեռու՝ երկու երկրների սահմանին։
BBC- ի հետաքննությունն էլ փաստում է, որ ինքնաթիռը կործանվել է Ուկրաինայի սահմանից մոտ 90 կմ հեռավորության վրա։ Նման հեռավորության վրա ինքնաթիռ խոցելու կարողություն ուկրաինական կողմը տեսականորեն ունի, եթե կիրառի իր զինանոցում գտնվող «Բուկ» կամ Patriot համակարգերը, հաղորդում է BBC-ն, հիշեցնելով, որ տասն օր առաջ Ազովի ծովում ռուսական А-50 օդանավ էր խոցվել, մեկ այլ՝ Իլ-22 էլ՝ վնասվել, որոնք գտնվել էին ուկրաինական տարածքից ավելի հեռու՝ մոտ 150 կմ հեռավորության վրա։
Telegram ալիքները հաղորդում են, որ աղետի վարից մեկուկես-երկու կիլոմետրի վրա արդեն գտնվել են առաջին մասունքները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ծրագրվում էր 192 գերիների փոխանակել՝ 192-ի դիմաց, և կործանված ինքնաթիռին հետևում էր հաջորդը՝ մյուս գերիներով։
Առայժմ հստակ չէ՝ փոխանակումը կկայանա, թե՝ ոչ. Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը պնդել է, թե իբր Կիևը միտումնավոր է ձախողել փոխանակումը, և որ գործընթացը պետք է առնվազն ժամանակավորապես սառեցվի: Ուկրաինական կողմը առայժմ որևէ մեկնաբանություն չի տարածել: