Կոբախիձեն բացառում է հոկտեմբերին անցկացվելիք ընտրություններից հետո կոալիցիոն կառավարությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառում է այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն կազմելու հնարավորությունը:

«Այսօր «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության վարկանիշը հասնում է 60 տոկոսի: Ամբողջ տարվա ընթացքում մեր աջակցությունը տատանվել է 55-ից 60 տոկոսի սահմաններում, դա ամենաբարձր ցուցանիշն է 2012 թվականին մեր իշխանության գալուց ի վեր», - ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ այդպիսի պայմաններում կոալիցիան պարզապես բացառվում է։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ Լոնդոնում BBC-ին տված հարցազրույցում ասել էր, թե կցանկանա, որ աշնանային ընտրություններից հետո իշխանության գա նոր կոալիցիոն կառավարություն։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Կառավարման խորհրդարանական համակարգ որդեգրած Վրաստանում օրենսդիր մարմնի ընտրությունները համարվում են ամենակարևորը, քանի որ իշխանությունը ձևավորում է մեծամասնություն վաստակած քաղաքական ուժը: 2012 թվականից երկիրը ղեկավարում է միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությունը, որն ընտրություններում առավելության է հասել նախկին նախագահ, այժմ բանտարկված Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նկատմամբ: Եթե «Վրացական երազանք»-ը հոկտեմբերին չհավաքի խորհրդարանական մանդատների կեսից ավելին, ապա ընդդիմությունը կկարողանա միավորվել և կոալիցիոն կառավարություն կազմել: