Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրոպական միությանը: Այդ մասին այսօր Բրյուսելում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Մի բան կարելի է ասել՝ մենք հավակնոտ ծրագրեր ունենք Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար։ 2030 թվականին, որը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անվանեց ընդլայնման տարի, Վրաստանը մյուս թեկնածու երկրների համեմատությամբ ավելի պատրաստ կլինի անդամակցությանը: Մենք ունենք հավակնոտ ծրագիր, և մենք հավատարիմ ենք անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների ծրագրին», - ասել է Կոբախիձեն Բրյուսելում Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելի հետ համատեղ ասուլիսում։
Վրաստանի վարչապետը վերահաստատել է, որ Թբիլիսին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չի միանա և դրա համար ունի հստակ հիմնավորումներ: