Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ռուս սահմանապահները Ներքին Հանդի հատվածում տեղակայված են առանց պայմանագրի, ընդդիմադիր («Հայաստան» խմբակցություն) պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարում է՝ 44-օրյա պատերազմից հետո նրանք Սյունիքում հայտնվել են մի պայմանագրով, որը ստորագրել են այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և նրա ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուն։
Սա, ըստ պատգամավորի, այն նույն պայմանագիրն է, որով 2020 թվականի դեկտեմբերին հայկական զորքերը հետ են քաշվել Զանգելանի և Կուբաթլիի շրջաններից:
«Ռուսների տեղակայման հատվածը հիմնականում Գորիս-Կապան և Կապան – Ճակատեն ճանապարհների հատվածում էր, և այդ ճանապարհներին... կոնկրետ Ներքին Հանդը հենց դեպի Ճակատեն գնացող այդ հատվածի, այսինքն՝ այդ տարածքում է։ Ակնհայտ է, որ իհարկե, դրանից հետո եղել է նաև ադրբեջանական ագրեսիա, ադրբեջանցիներն ավելի առաջ են եկել, Ներքին Հանդում տարածքներ են օկուպացրել։
Ես ենթադրում եմ, որ դրանից հետո տեղակայման վայրերի որոշակի փոփոխություն, իհարկե, եղել է պայմանավորված ստեղծված նոր իրավիճակով, բայց կրկնում եմ՝ նախնական ռուսների՝ ի վերջո Սյունիքում հայտնվելու հիմնական հիմքը այդ փաստաթուղթն է եղել», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր չկա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավական ի՞նչ հիմքով և մանդատով են ռուսները Ներքին Հանդում. իշխանությունը չի պարզաբանումԵրեկ վարչապետը նաև վստահեցրեց, թե Ներքին Հանդի հատվածում ռուս զինվորականների ներկայության մանդատ ևս չկա: Նկարագրեց՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին որոշ իրողություններ սպոնտան կերպով են ձևավորվել: Այդուհանդերձ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ դժգոհել էր, թե ռուսները չեն կանխել վերջին արյունալի միջադեպը, որի հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունեցավ: Դժոգության մասին երեկ ակնարկեց նաև Նիկոլ Փաշինյանը, բայց ոչինչ չասաց Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների ստորագրած պայմանագրի մասին. - «Եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն նաև համապատասխան հետևություններ»։
«Այդ ժամանակ որոշակի տեղակայումների փոփոխություններ են իրականացվել». իշխանական պատգամավոր
Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները դժգոհում ռուս սահմանապահներից այն դեպքում, երբ հենց իշխանության համաձայնությամբ են նրանք 44-օրյա պատերամիզ հետո հայտնվել Սյունիքում, ընդ որում, ինչպես իշխանությունն է վստահեցնում, առանց հստակ մանդատի և պայմանագրի: Ի վերջո, ո՞րն է եղել իշխանության ակնկալիքը, երբ համաձայնել են Սյունիքում ռուս սահմանապահների տեղակայմանը:
Նրանց գործառույթները շատ ընդհանրական է ներկայացնում նաև պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահը:
«Երևի մոռացել եք Հայաստանի՝ 21-22թթ. ծառացած խնդիրները Սյունիքի մարզում, Արցախի հետ սահմանին, և այո, այդ ժամանակ ռուսական սահմանապահ զորքերը տեղակայվել են, որոշակի տեղակայումների փոփոխություններ են իրականացվել, որն իրականացվել է զուտ անվտանգային նկատառումներով, բայց թե իրենց առջև դրված խնդիրները կատարել են, թե չէ, սա արդեն ուրիշ հարց է», - ասաց Արմեն Խաչատրյանը։
Եթե երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Սյունիքում ռուսական հենակետերի տեղակայումը լրացուցիչ անվտանգային երաշխիք է, Ներքին Հանդի դեպքերից հետո ռուս սահմանապահների գործողությունների արդյունավետությունը իշխանությունը կասկածի տակ է դնում:
Ընդդիմադիր պատգամավորն այստեղ էլ Երևանի և Մոսկվայի միջև ստորագրված պայմանագրի բովանդակությանն է հղում անում, որտեղ, ըստ նրա, ռուսներն ադրբեջանական հնարավոր հարձակումները կանխարգելելու կամ հարձակման դեպքում միջամտելու պարտավորություն չունեն: Հընթացս ձեռք բերված պայմանավորվածություններն էլ, ըստ Աննա Գրիգորյանի, առհասարակ զուրկ են իրավական հիմքերից:
«Նիկոլ Փաշինյանի հրամանով Վաղարշակ Հարությունյանը՝ այն ժամանակ գործող պաշտպանության նախարարը, ստորագրում է, ռուսներին բերում, կանգնեցնում են մեր երկրում՝ արդեն Սյունիքի որոշակի հատվածներում, չեն հստակեցնում՝ ինչ պարտավորություն ունեն, ինչ մանդատ ունեն, բայց դրանից հետո մունաթ են գալիս, թե տեսեք՝ սա չեք անում, այն մյուսը չեք անում։ Սա ուղղակի աբսուրդ է», - նշեց նա։
Ներքին Հանդի դեպքերից անմիջապես հետո «Ազատություն»-ը վարչապետին գրավոր հարցեր էր ուղարկել և խնդրել պարզաբանել՝ ի՞նչ հիմքով են Ռուսաստանի սահմանապահ ուժերը 2020 թվականից հետո տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Սյունիքի մարզում, ի՞նչ գործառույթներ են իրականացնում, արդյոք լիազորություն ունե՞ն արգելելու ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ:
Այս հարցերին ի պատասխան վարչապետի աշխատակազմից հղում են արել Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին: Այդ ելույթում, սական, վարչապետն այդպես էլ չասաց՝ դիտորդների մուտքը Ներքին Հանդ ռուսների կողմից խոչընդոտվո՞ւմ է, թե՞ ոչ:
«Հնչել է ահազանգ, և այդ ահազանգը քննվում է՝ հասկանալու hամար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը, կա՞ նման խոչընդոտ, թե՞ չկա: Քննության արդյունքներով որոշակի եզրակացություններ կարվեն», - ասել էր վարչապետը։
«Ազատություն»-ը նաև հետաքրքրվել էր՝ այժմ քանի ռուսական հենակետ կա Հայաստանում, այս հարցն էլ մնացել է անպատասխան: Մինչդեռ, ըստ «Հետք»-ի, պատերազմից հետո ռուսական տասնյակից ավելի հենակետեր են տեղակայվել Հայաստանի տարբեր հատվածներում, կրկին առանց հստակ իրավական հիմքերի: