Մատչելիության հղումներ

Ռուս սահմանապահները ամիսներ առաջ են մոդուլային 5 անցակետ տեղադրել. Մեղրիի համայնքապետ


Ռուս սահմանապահներն ամիսներ առաջ են Մեղրիից Ագարակ ու Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր տանող ճանապարհներին մոդուլային 5 անցակետ տեղադրել ու սկսել ծառայությունը, «Ազատությանն» այսօր հայտնեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ անդրադառնալով լուրին, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահներն անցակետ են տեղադրել ու կանգնեցնում, ստուգում են քաղաքացիներին ու նոր թույլատրում տեղաշարժը։

Մինչ այս, ռուսաստանցի սահմանապահներն Իրանի հետ սահմանն էին վերահսկում։

«Կան քաղաքացիների կողմից դժգոհություններ՝ ելնելով տվյալ պահին իրավիճակից, որ կանգնեցնում են ստուգում են անձնագրերը, հարցնում են ուղղությունները», - ասաց համայնքի ղեկավարը:

Զաքարյանը չի թաքցնում՝ ոչ թե անմիջապես հայ-իրանական սահմանին, այլ բնակավայրերի հատվածում նոր հենակետերի առկայությունը դժվարացրել է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև արտասահմանցի զբոսաշրջիկների տեղաշարժը։

«Կան խնդիրներ տուրիստների մասով հիմնականում, երբ տուրիստները ցանկանում են գնալ Նռնաձոր, Շվանիձոր, գյուղական բնակավայրեր, լուրջ խնդրի առաջ են կանգնում մինչև սահմանապահ զորամասի ծառայողները չեն ստուգում նրանց անձնագրերի առկայությունը, համեմատում», - նշեց Զաքարյանը:

Նոր անցակետի տեղադրման մասին լուրից հետո Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից լրատվամիջոցներին հայտնեցին, թե մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնությամբ՝ այս տարեսկզբից սահմանային հսկողության ծառայության մի շարք կահավորված դիրքեր են կազմավորել։

Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանին, ըստ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության, ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ՝ պայմանավորված Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ, անցած տարի անգամ զինյալների սահմանախախտման փորձեր են արձանագրել ռուս սահմանապահները։

Ռուսական կողմը խոսում է պետական սահմանի մասին, մինչդեռ անցակետերը տեղադրվել են բնակավայրերի մոտ. մի բնակավայրից մյուսն անցնելու ճանապարհին անցակետի առկայությունն արդյոք չի՞ հակասում հայաստանյան օրենսդրությանը, Բագրատ Զաքարյանը պնդում է՝ խոշորացված համայնքի միանգամից մի քանի բնակավայրերում ռուս սահմանապահների ներկայությունն օրինական է։

«Ստուգումների հետ կապված կարող եմ ասել, որ դրանք ամբողջությամբ համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված օրենքների և կառավարության որոշումներին», - նշեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարը:

«Ազատությունը» նաև կառավարությունից ու Ազգային անվտանգության ծառայությունից է հետաքրքրվել՝ կոնկրետ ի՞նչ իրավական հիմքով են ռուս խաղաղապահները տեղակայվել բնակավայրերին մոտ հատվածներում, ինչպես նաև գրավոր հարցմամբ պարզաբանում ենք խնդրել, թե ինչո՞ւ հայ սահմանապահները ծառայություն չեն իրականացնում այդ հատվածներում, և արդյոք նոր հենակետերի տեղադրումը հայկական կողմի խնդրանքով է եղել։

Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և նրանց կենսագործունեության մասին հայ-ռուսական պայմանագրի համաձայն՝ սահմանապահների գործողությունները համաձայնեցվում են Հայաստանի կառավարության հետ։ Երկու գերատեսչություններից մեր հարցմանը դեռ չեն արձագանքել։



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG