Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանը։
Ընդգծելով, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հենց Բաքուն է նախաձեռնել խաղաղության բանակցությունները՝ Ալիևն ասել է, որ Բաքուն էլ մշակել է խաղաղ լուծման 5 հիմնարար սկզբունքներ ու ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը։
«Այսպիսով, եթե մենք խաղաղություն չենք ուզում, ինչո՞ւ ենք այս ամենը պատրաստել»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը Հայաստանին մեղադրել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերը, միջազգային իրավունքը, այդ թվում՝ մարդասիրական նորմերը խախտելով իր հողերը 30 տարի օկուպացիայի տակ պահելու համար»։
«Հիմա, երբ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վերացրեցինք անջատողականների որջը Ղարաբաղում, Ադրբեջանն է հայտնվում հարվածի տակ․ մեզ մեղադրում են Մակրոնը, Բորելը և նրանց նման մարդիկ», - ասել է Ալիևը։
Բաքուն բազմիցս Փարիզին մեղադրել է «Հայաստանին զինելու, միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ վերջին շրջանում փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։
2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր կնքեցին, որով Փարիզը, մասնավորապես, GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև Bastion զրահամեքենաներ մատակարարեց։
Այս համագործակցությունը հարուցեց Ադրբեջանի դժգոհությունը և է՛լ ավելի սրեց լարվածությունը պաշտոնական Բաքվի և Փարիզի միջև։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Ֆրանսիայում ուզում են հայերից ավելի հայ լինել» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ը շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի. Պապիկյան