Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։
Բաքուն ևս հաղորդում է հանդիպման մեկնարկի մասին։ Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել էր, որ Բայրամովը Միրզոյանի հետ քնարկելու է «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագիծը»։
Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մյունխենյան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև Իլհամ Ալիևը՝ նշելով, որ առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում կկայանա, ինչպես նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ կլինի։
Սակայն Բեռլինում կայանալիք բանակցություններից երկու օր առաջ Իլհամ Ալիևը զգուշացրեց՝ «Հայաստանը մի ճանապարհ ունի՝ ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները և հրաժարվել տարածքային նկրտումներից, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում»։
«Հայաստանը, որ փորձում է նոր տեր գտնել և սրա-նրա գիրկն է նետվում, պետք է իմանա՝ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է», - հայտարարեց Ալիևը։
Բաքուն նաև խնդրահարույց համարեց Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերը՝ պնդելով՝ դրանք ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներ են, այլև ընդգծելով այդ հայցերից հրաժարվելու կարևորությունը:
Երեկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձեց Բաքվին՝ շեշտելով՝ այդ կերպ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա:
«Բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային, և պահանջ ներկայացնելը, կարծում եմ, ճիշտ հռետորաբանություն չէ», - նկատեց Սիմոնյանը։
Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից Արարատ Միրզոյանը բարձրաձայնեց Բաքվի տարածքային պահանջների մասին՝ հայտարարելով՝ տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանների անձեռնմխելիությունը խաղաղության միակ ճանապարհն են։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Հունաստանի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ բեռլինյան հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել։ Վաշինգտոնն էլ կոչ է արել կողմերին՝ ձգտել հասնելու տևական և կայուն համաձայնության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ագրեսիվությունը սահմանին և Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելը. ինչո՞ւ է Փաշինյանը Ադրբեջանի հարձակումը շատ հավանական համարում