Պաշտոնական Երևանը կրկին բարձրաձայնում է Բաքվի տարածքային պահանջների մասին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում՝ հայտարարեց, թե Հայաստանի տարածք ներխուժելուց հետո էլ Ադրբեջանը շարունակում է ռազմական սադրանքները:
«Ուժի ապօրինի կիրառման անպատժելիությունը հանգեցրել է Հայաստանի նկատմամբ տարածքային նոր պահանջների։ Հիմա Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացվում է որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», ինչը հորինվել է տարածաշրջանում լարվածություն պահելու պարզ մտադրությամբ։ Այդուհանդերձ, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու դրանից։ Մենք համոզված ենք, որ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչպես նաև միջպետական սահմանագծումը ԽՍՀՄ վերջին և օրինական քարտեզներով, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության միակ ճանապարհն են», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:
Միրզոյանը ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի հետ վաղը Բեռլինում մեկնարկելիք բանակցություններին ընդառաջ միջազգային ամբիոնից նորից ընդգծեց, որ տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն հարգելով տարածքային ամբողջականությունը՝ փոխադարձության, իրավազորության սկզբունքներով։
«Դա կարող է հավելյալ փոխկախվածություն ստեղծել` լրացնելով կայունությունը տարածաշրջանում։ Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը` վերահաստատելով մեր անկեղծ քաղաքական կամքը՝ ապաշրջափակել տրանսպորտային բոլոր ուղիները», - ընդգծեց նախարարը:
Ադրբեջանը, մինչդեռ, պահանջում է Հայաստանի տարածքով առանց որևէ ստուգման ռեժիմի ճանապարհ դեպի Նախիջևան՝ համաձայնելով միայն, որ երթուղու անվտանգությունն ապահովի ռուսական կողմը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին նախարար Միրզոյանն ասաց, որ վերջին երեքուկես տարում Լեռնային Ղարաբաղի հայերը տառապել են կտտանքերից, սովից, դաժան սպանություններից, ինչն ի վերջո ավարտվել է էթնիկ զտումներով. - «2020-23 թվականներին շուրջ 145 հազար մարդ բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից և հաստատվել Հայաստանում։ Մեր կառավարությունը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ հասցեագրելու այս մարդկանց կարիքներն ու իրավունքները»։
Արարատ Միրզոյանը, սակայն, չխոսեց հայերի վերադարձի հնարավորության մասին՝ ներկայացնեով միայն նրանց Հայաստանում ինտեգրելու քայլերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ ԱԳ նախարարը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի հարցըՄիրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին