«Տոմսերը չեն հաշվի առնի, մեր ընդեղաց վարձով մնալը, ուտելը՝ ըդոնք հեչ բան չեն հաշվի առնի, մենակ ստեղ տոկոս կուզեն՝ ինչի՞ համար». - չնայած Կառավարության որոշակի հետքայլին, այսօր էլ արտագնա աշխատանքի մեկնող շիրակցիներն էին բողոքով հասել մարզպետարան։ Ոմանք իրենց հարկային պարտավորությունների մասին Պետեկամուտների կոմիտեից ստացած նամակով էին եկել ու հայտարարում էին, որ չեն վճարի։
«Հարսնիք են կանչե, պտի տանիմ շաբաշ տամ, ի՞նչ էնեմ: Ինչքա՞ն է եկե՝ 187 հազար եկել է, 21 հազար էլ տույժ կմուծեմ՝ ինչի՞ համար: Ես ընդեղ մուծել են 46 հազար 999 ռուբլի նալոգ՝ էդքան ես ընդեղ մուծել եմ, Ռուսաստան, հմի նորից էսքան էստեղ մուծեմ, իմ քյարս ի՞նչ է, որ ես էրթամ ընդեղ, ավելի լավ է մնամ ստեղ: Ստեղ բայց ընձի կապահովե՞ն գործով՝ ես մնամ ստեղ, չէ: Չեմ վճարի, ինչի՞ համար վճարեմ», - «Ազատությանն» ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
«Ուղարկած թղթի մեջ էլ գրած է, որ ես հարկը վճարել եմ Ռուսաստանի Դաշնությունում, ու ըստ այդմ ընձի էկել է 800 հազար դրամ հարկ, 100 հազար դրամ էլ տուգանք: Թղթի վրա գրած է, որ ես աշխատել եմ 900 հազար ռուբլի, բայց ես էդքան փող չեմ աշխատել, իրանք էդ փողի գումարը որտեղից ե՞ն վերցրել», - ասաց մյուսը:
Երկու օր առաջ նման մի ցույց էլ Գեղարքունիքի մարզում էր։ Վարչապետն այսօր Կառավարության նիստում հենց նրանց դիմեց՝ մանրամասն թվարկելով, թե ինչեր է արել գործադիրը մասնավորապես Մարտունիում. - «Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հաշվել ե՞ն, թե էս ճանապահների կառուցման արդյունքում իրանք, օրինակ, ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար, ինչքան պակաս ավտոպահեստամաս են ձեռք բերում, և այլն, և էսպես շարունակ»:
Վարչապետի ելույթը շատերը լսել էին ու ավելի վրդովվել.
«Ճանապարհ են կառուցո՞ւմ, թող գան մի հատ մեր ճանապարհները նայեն...»:
«Հլը թող վարչապետը մեր գյուղը գա, տեսնի ճանապարհ կա՞ ընդեղ...»:
Բողոքողներն ասում էին՝ տեղյակ չեն եղել, որ ըստ նոր կարգավորումների՝ եկամտահարկի տարբերությունը պիտի հայրենիքում վճարեն։ ՊԵԿ-ը վերջերս սկսել էր ծանուցումներ ուղարկել Ռուսաստանում 13 տոկոսի եկամտահարկ վճարած Հայաստանի քաղաքացիներին։ Քանի որ Հայաստանում եկամտահարկը 21 տոկոս է, հետևաբար 8 տոկոսի տարբերությունը Հայաստանում պետք է վճարեն:
Գեղարքունիքի բողոքի ակցիայի հետո ՊԵԿ-ը հետաքայլի մտադրությունից խոսեց. թեև բացատրեցին, որ Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել ԱՊՀ և ԵԱՏՄ կարգավորումների շրջանակներում, բայց նաև շտապեցին տեղեկացնել, թե նոր նախագիծ կդրվի շրջանառության մեջ, որի ընդունման դեպքում արտագնա աշխատողներին հայրենիքում չեն հարկի, տույժեր չեն գանձի։ Սակայն արդեն իսկ կան սեզոնային աշխատողներ, որոնք ՊԵԿ-ի նամակը ստացել ու գումարը մուծել են։
Արտագնա աշխատողները հարկ վճարելուն դեմ չեն, բայց ասում էին՝ թող տեղում աշխատատեղեր բացեն, իրենք էլ աշխատեն ու պետության առջև պարտավորությունները կատարեն. - «Եթե պարոն Փաշինյանը մեզի աշխատանքով ապահովեր, մենք կուտայինք էդ հարկը: Մենք յալվար ենք, որ մեր Հայաստանի Հանրապետության մեջ աշխատինք ու հարկ վճարենք»:
Մարզպետի տեղակալը լսեց ու փորձեց պարզաբանել, թե ինչպես է լուծվելու հարցը։
Հավաքվածները մեկ հանդարտվում, մեկ նորից բարկանում էին, թե եկել-տեսե՞լ են՝ դրսում ինչպես են այդ գումարն աշխատում, որ հիմա էլ հարկ են պահանջում։
Թե խորհրդարանում երբ կքննարկվի ՊԵԿ-ի առաջարկած նոր օրինագիծը, դեռ պարզ չէ, ՊԵԿ նախագահն այսօր խոսում էր միայն «որոշակի ժամանակով» չհարկելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արտագնա աշխատանքի մեկնողները ՀՀ-ում չեն հարկվի. ՊԵԿ-ը նոր նախագիծ է մշակումԳեղարքունիքի բնակիչները պահանջում են չեղյալ համարել արտագնա աշխատողներին հարկելու կարգավորումը«Ինչո՞ւ են ուշացումով տեղեկացրել». ՊԵԿ-ը հարկում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած հազարավոր քաղաքացիների