Արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից:
ՊԵԿ-ը հայտարարել է, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների հարկման հետ կապված կարգավորումների մասով։
«Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում: Նրանք ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, եթե եկամուտները ստացվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։ Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից օրենքով սահմանված ժամանակահատվածի համար ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամուտի ձեռքբերման երկրում», - հայտնել են կոմիտեից:
Նախագիծը, ըստ Պետեկամուտների կոմիտեի, մոտ օրերս հանրային քննարկման կներկայացվի www.e-draft.am կայքում:
«ՊԵԿ-ը, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն: Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը՝ հետ կստանան վճարված գումարները: Նախագիծը նախատեսվում է լայնորեն քննարկել արտագնա աշխատողների հետ՝ մարզպետարանների և ՏԻՄ մարմինների միջոցով», - տեղեկացրին կոմիտեից:
Գեղարքունիքի մարզի արտագնա աշխատանքի մեկնող բազմաթիվ բնակիչներ երեկ առավոտից փակել էին Գավառ-Մարտունի ճանապարհը՝ պահանջելով ետ կանչել Ռուսաստանում ստացած իրենց եկամուտն այստեղ էլ հարկելու կարգավորումը: