Մատչելիության հղումներ

«Ինչո՞ւ են ուշացումով տեղեկացրել». ՊԵԿ-ը հարկում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած հազարավոր քաղաքացիների


Ազատանցի Հովհաննես Աթոյանը մեկ ամիս առաջ է ՊԵԿ-ից նամակը ստացել, որ Ռուսաստանում երկու ամսում վաստակած մոտ 9 հարյուր հազար դրամից ավելի քան 100 հազարը պետք է Հայաստանում որպես եկամտահարկ վճարի:

42-ամյա տղամարդն այս ծանուցումը ստացել է Ռուսաստանում աշխատելուց երկու տարի անց, ասում է՝ ինչո՞ւ գոնե տոմսերը գնելիս, օդակայանում կամ լուրերով, համացանցով չեն տեղեկացրել, որ Ռուսաստանում 6 ամսից քիչ գտնվելու և աշխատելու դեպքում իրենց ուսերին լրացուցիչ բեռ է դրվելու: Անգամ այն դեպքում, երբ պայմանագրով է աշխատել ու գործատուն այնտեղ էլ է իր համար հարկ վճարել:

«Շուտ ուղարկեիք, կամ մեկնելուց տեղեկացնեիք, լավ, եկել եմ, 22-ին եմ եկել, մուտք եմ գործել Հայաստան, մի հատ տեղեկացնեիք, որ հարգելիս էսինչ աշխատանքի պատճառով քեզնից հարկվում է այսքան գումար: Ես իմ հաշվարկը կանեի, կտանեի շուտ կմուծեի, եթե՝ չէ, ինչ կլիներ-կլիներ: Ինչի՞ են ուշացումով ասել, մի հատ էլ տուգանքը հետը», - ասաց Հովհաննես Աթոյանը:

Ազատանը Շիրակի մարզի այն համայնքներից է, որտեղից ամենաշատն են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները: Հովհաննես Աթոյանը գյուղում միակը չէ, որ պետությանն ունեցած պարտքի մասին նամակ է ստացել: Այդ գումարները տարբեր են՝ նվազագույնը 100 հազար, դեպքեր կան, որ մինչև 1 միլիոնի է հասնում:

Աշխատանքային միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը բացատրում է՝ 2018-ին ԱՊՀ երկրների միջև հարկային տեղեկությունների փոխանակման մասին համաձայնագիր է ստորագրվել, Հայաստանը դա վավերացրել է 2020-ի փետրվարին: Բայց կուտակած պարտքերի մասին ՊԵԿ-ը նամակներ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածներին սկսել է ուղարկել 3 տարի անց՝ 2023-ից սկսած: Խնդիրն, ըստ փորձագետի, հիմնականում Ռուսաստանի հետ է ծագել, որովհետև արտագնա աշխատանքի համար հայաստանցիների զգալի մասը հենց այդ երկիր է գնում: Ու քանի որ ՀՀ-ն ու ՌԴ-ը ԵԱՏՄ կազմում են, այստեղ էլ մեկ այլ համաձայնագիր է գործում՝ Ռուսաստանում 6 ամսից քիչ աշխատած մարդը 30 տոկոս է հարկվում, իսկ որոնք ավելի քան 6 ամիս են գտնվել ու աշխատել այդ երկրում՝ 13։ Հայաստանում եկամտահարկը 21 տոկոս է, հետևաբար ութ տոկոսի տարբերությունը Հայաստանում պետք է վճարեն:

Ամբողջ խնդիրը ծագել է նրանից, որ ՌԴ-ն, համաձայն ԵԱՏՄ պայմանագրի 73-րդ հոդվածի, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին առաջին օրից հարկում է ինչպես ռեզիդենտների (ոչ ռեզիդենտներին նույնպես հարկում է ինչպես ռեզիդենտների)։

Փորձագետն ասում է՝ հարկային մարմինը թերացել ու պատշաճ չի ծանուցել մարդկանց. - «Ասում են՝ քանի որ դու պարտավոր էիր իմանալ, բայց չգիտեիր ու այսպիսի խախտում ես իրականացրել հարկային, դու նաև յուրաքանչյուր չվճարված օրվա համար 0,04 տոկոս տույժ ես պարտավոր վճարել: Ինչքան երկար չես վճարում, այդ տույժը յուրաքանչյուր օր ավելանում է: Անձը ինքը չի կարող հաշվել, ստիպված է լինելու հաշվապահների հետ աշխատել, այսինքն, յուրաքանչյուր աշխատանքային միգրանտ պետք է հաշվապահ վարձի, որ իր համար հաշվեն հարկերը, տույժերը, ավելին, էլեկտրոնային եղանակով գրանցեն, ստանան 163 ձև, վճարեն հարկեր, փոխանցումներ անեն»:

Պետեկամուտների կոմիտեից հարցազրույց ստանալ մեզ չհաջողվեց: Այսօր պարզաբանում էին տարածել, ըստ որի, զերծ են մնացել կոշտ վարչարարությունից, երբ 2020-ին ուժի մեջ մտած կարգի մասին միայն երեք տարի անց են ծանուցել։ Բայց նաև ընդգծել են, պատրաստ են քննարկումներ սկսել՝ վարչարարությունն ավելի մեղմացնելու համար։

Փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մի առաջարկ ունի. - «Կա՛մ պետք է Ռուսաստանի Դաշնության հետ մի հատ էլ համաձայնագիր կնքի ու հենց սկզբից էս 13 տոկոսը հանեն, այսինքն եթե ոչ ռեզիդենտ է, վճարի 30 տոկոս: Ես չգիտեմ՝ ինչ ձևով դա կանեն, որովհետև ես հասկանում եմ, որ ԵԱՏՄ համաձայնագրի հնարավորությունն այնպես է, որ շատ դժվար կլինի, բայց ամեն դեպքում երկու հարկայինների միջև ինչ-որ համաձայնագիր ստորագրեն, մի բան անեն, որ դա չմնա քաղաքացու վրա: Դա իրականում պետք է կառավարի պետությունը, ոչ թե թույլ տա, որ քաղաքացին ինքը հայտնվի նման իրավիճակներում»:

ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսներին աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրով Ռուսաստանում 49 հազար 384 հայաստանցի է աշխատել: «Հետք» պարբերականը, հղում անելով ՊԵԿ-ից ստացած տվյալներին, նշում է, որ ավելի քան 1000 մարդ արդեն պարտքերի մասին նամակ է ստացել ՊԵԿ-ից, պահանջվող ընդհանուր գումարը կազմում է 187 միլիոն դրամ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG