Ադրբեջանա-ֆրանսիական լարված հարաբերությունների ֆոնին այսօր Երևան է ուղևորվում ոչ միայն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, այլև «ֆրանսիական զինամթերքը»։ Տեղեկությունը հաղորդած ֆրանսիական «Ֆիգարո»-ն (Le Figaro), մասնավորապես, գրել է մինչև 250 կմ հեռավորության վրա ինքնաթիռներ հայտնաբերող 3 ռադարների, ինչպես նաև գիշերային տեսողության հեռադիտակների մատակարարման մասին։
Ըստ նույն աղբյուրի՝ ֆրանսիական կողմը նաև լեռնային մարտական պատրաստության եռափուլ դասընթացներ կանցկացնի հայկական բանակում։
Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել անցած տարի հոկտեմբերին, դրանցով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ և հրթիռներ տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։
ՀՀ ՊՆ-ն սպառազինության մատակարարման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի տալիս։ Ֆրանսիական Սենատի բյուջեում անցած տարեվերջին նաև «Բաստիոն» զրահամաքենաների մատակարարման մասին տեղեկություն կար, բայց պարզ չէ՝ դրանք արդեն Հայաստանում են, թե ոչ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀայաստանինԻր այցի մասին անձամբ նախարար Սեբաստիեն Լըքորնյուն է պատմել ֆրանսիական RTL-ի եթերում։ Այցը, ըստ ֆրանսիական աղբյուրների, երկօրյա է։ Հայաստանի պաշտանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ նրա հանդիպումն, ըստ ԱԺ-ի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, տեղի կունենա վաղը։
Հենց երեկ Բաքուն Ֆրանսիայի քաղաքականությունը նենգ որակեց, մինչ Ադրբեջանը այս համագործակցությանը շատ ցավոտ է արձագանքում՝ Փարիզին մեղադրելով տարածաշրջանն ապակայունացնելու մեջ, ֆրանսիացի պաշտոնյան հայտարարում է՝ իրենք իրավիճակը լարելու նպատակ չունեն, Հայաստանին վաճառվող զինամթերքը պաշտպանական է, բայց չեն բացառում հնարավոր նոր էսկալացիան։
«Հայաստանն անվտանգային լուրջ մարտահրավերներ ունի, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, սահմանների պաշտպանությանը՝ կապված Ադրբեջանից հնարավոր կամ բխող սպառնալիքների հետ: Ներկայումս կա շարունակվող գործընթաց, սակայն մեր պատասխանատվությունն է, որպեսզի Հայաստանը պարզապես ապահովի զսպող և պաշտպանողական կեցվածք: Մեր առաջարկը զուտ պաշտպանական է, թե ինչպես գործնականում թույլ տալ Երևանին ունենալ «երկիր-երկինք» պաշտպանական համալիրներ, եթե երբևէ հարձակում լինի մայրաքաղաքի վրա, ինչպես կարելի է մատակարարել զրահամեքենաներ, որպեսզի հայ զինվորները վտանգի չենթարկվեն», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Փարիզը ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեցին
«Հայաստանը ձգտում է ունենալ ոչ մեկ աղբյուրից ձեռք բերվելիք սպառազինություն, շատ որակյալ, շատ արդիական և դրան համապատասխան նաև կրթական ծրագրեր, որոնք պետք է փնտրենք և՛ նախկին մեր գործընկերների կառավարման միջավայրում, և՛ նաև նոր ձեռք բերված մեր գործընկերների», - ասում է Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա հավելում է՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն առաջին անգամ է Հայաստան այցելելու։ Իսկ հնարավո՞ր է այցի ընթացքում ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագիր էլ կնքվի, իշխանական պատգամավորն ասում է. - «Չեմ կարող ասել, պաշտպանության նախարարի այցը հենց այդ առումով կարևոր է նրանով, որ ոչ միայն զրույցները եղել են Ֆրանսիայում, զրույցները կշարունակվեն Հայաստանում, և բնականաբար զրույցների ընթացքում կծնվի գոնե 2023 թվականի հոկտեմբեր ամսին արձանագրած՝ այդ երեք ուղղություններով, և գուցե զարգանա, կծնվեն չորրորդ, հինգերորդ ուղղությունները, որոնք կունենան բաց և փակ մասեր։ Կսպասենք վաղվա հանդիպումից հետո մամուլի ասուլիսներին, որտեղ այն, ինչ որ հնարավոր է, երկու պաշտպանության նախարարները եթե գտնեն հարմար, հանդես կգան մամուլի ասուլիսով»։
«Ֆրանսիան միշտ պատրաստակամ է այս կետերով մեր պաշտպանական գերատեսչության հետ ունենա ներառական աշխատանք, կազմակերպի, բանակի վերափոխելու հարցում իրենք ցանկություն ունեն մեզ ուսուցում։ Երեք հիմնական կետեր՝ ցամաքային, հակաօդային պաշտպանության ուժեղացում, պաշտպանական բնույթ», - հավելեց նա։
Քոչարյան ասում էր՝ բանակում կա կառավարման հմտություններով օժտված սպայակազմի արագ պատրաստման խնդիր։ Իսկ ուսուցումը Հայաստանո՞ւմ, թե՞ Ֆրանսիայում կանցկացվի։ «Կլինեն ձևաչափեր, որ մասնագետները կդասավանդեն թե Վազգեն Սարգսյան ակադեմիայում, և բնականաբար կլինեն նաև Հայաստանի սահմանից դուրս ուսուցման հնարավորություններ, մենք այդպիսի հնարավորություն ունեցել ենք նախկինում և հիմա ունենք Հունաստանում և այլ երկրներում ևս», - նկատեց պատգամավորը։
Քոչարյանը տեղեկացրեց՝ բացի պաշտպանության նախարարից, պատվիրակության կազմում Ֆրանսիայի Սենատի անդամներ կլինեն, նրանց թվում՝ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահը, ԱԺ-ում վաղը նրանց հետ հանդիպում կլինի. - «Բոլորը մարդիկ են, որոնք նաև մոտ են եղել Հայկական հարցին՝ դա լինի Ցեղասպանությանը վերաբերող, ղարաբաղյան հակամարտությանը»։
Ըստ «Պոլիտիկո»-ի (Politico)՝ Հայաստան ժամանող պատվիրակության կազմում նաև Երևանին մատակարարվող զինամթերքն արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ կլինեն։
Հենց երեկ՝ վարչապետ Փաշինյանի հետ բանակցություններից առաջ նախագահ Մակրոնը հայտարարեց՝ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը իր անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին։