Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հաղորդում է վարչապետի գրասենյակը՝ նշելով, որ Փաշինյանի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:
Այսօր նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Փաշինյանը Փարիզում կհանդիպի նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Երեկոյան Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը իրենց տիկնանց հետ ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի Պանթեոնում վերահուղարկավորելու արարողությանը: Պանթեոնում ամփոփված են Ֆրանսիայի այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքանդր Դյուման:
Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզ է մեկնել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ և հրթիռներ տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։
Հայ-ֆրանսիական համագործակցության վերաբերյալ շատ կոշտ է արտահայտվում Ադրբեջանը, Փարիզի և Բաքվի միջև հարաբերություններն այդ պատճառով լարված են: Ֆրանսիան ու Ադրբեջանն անցյալ տարեվերջին դիվանագետների են արտաքսել։ Բաքուն նաև մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մանակացությամբ բանակցային բոլոր հանդիպումները։
Վարչապետը Փարիզում էր նաև նոյեմբերին՝ մասնակցելու «Խաղաղության 6-րդ համաժողովին»: Փաշինյանը համաժողովում հայտարարեց՝ Բաքվի քարոզած «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմի նախապատրաստություն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Փարիզը ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեցին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Ֆրանսիայում ուզում են հայերից ավելի հայ լինել»