Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը համարում է, որ Վանաձորի ավագանու հարցով նիստերը հետաձգող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չկան. նրա գործողություններում «առկա չէ դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտում»։
Հանձնաժողովն այս մասին հայտնել է վանաձորցի իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանին, ով պահանջել էր կարգապահական վարույթ հարուցել վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի նկատմամբ։ Իրավապաշտպանի գնահատմամբ, դատավորն անհիմն, առանց պատճառաբանության է հետաձգում առանձնապես քննություն չենթադրող դատական նիստերը։
«Մեկ տարվա ընթացքում որևիցե նիստ չէր կազմակերպել և 100 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքի ընտրողների ընտրական իրավունքն է խախտվում», - ասաց Քոթանջյանը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը օրերս Գյումրիի ժուռնալիստների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի յութուբյան ալիքով խոսել ու իրավական գործընթացի ձգձգումը պայմանավորել էր վարչական դատարանի ծանրաբեռնվածությամբ։
Երբ դեռ անցած տարի սեպտեմբերին վարչական դատարանը վճիռ կայացրեց ու որոշեց, որ 2021-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն անփոփոխ են, իրավաբանները եզրակացրեցին, որ ավագանու նկատմամբ դրված արգելանքը պետք է վերացված համարվի ու ՏԻՄ այս մարմինը համայնքի ղեկավար ընտրելու իրավունք ունենա։ Բայց վարչական դատարանն արգելանքը վերացված չհամարեց ու դեռ շարունակում է քննությունը։ Մինչդեռ մեկ տարի շարունակ որևէ դատական նիստ տեղի չի ունեցել, անցած տարի նոյեմբերին նշանակված նիստն էլ առանց պատճառաբանության հետաձգվեց մինչև այս տարվա ապրիլ։
Արդյո՞ք գոնե ապրիլին դատարանը կավարտի, ըստ իրավապաշտպանների, անհիմն դատական այս գործընթացն ու ավագանին հերթական նիստեր գումարելու իրավունք կստանա, պարզ չէ։
Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանի կառավարությանն ուղղված մեկ այլ դիմում ավագանին վաղաժամկետ ցրելու և նոր ընտրություններ կազմակերպելու մասին, մերժվել էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի ավագանին, համայնքապետարանն ու կառավարությունն անգործություն են ցուցաբերում. ՏԻՄ փորձագետԻնչո՞ւ են լռում ընդդիմադիր կուսակցությունները
Ինչո՞ւ են լռում ընդդիմադիր կուսակցությունները։ Ինչո՞ւ անցած ամիսներին համայնքի ղեկավարի ընտրություն կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես չեկան «Մամիկոն Ասլանյան», «Հայրենիք» և «Ապրելու երկիր» խմբակցությունները։ Ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն ասում է՝ չեն լռում, «անտեսանելի, ոչ հրապարակային քայլեր են ձեռնարկում»։ Կարծում է, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը արտահերթ ընտրություններն են։
«Թե՛ դատական արհեստական քաշքշուկները, թե՛ հորինված օրենքները, թե՛ որոշումները, էս բոլոր իմաստներով մտել է տուպիկ, այսինքն, հերթը հասել է նրան, որ կա՛մ պիտի լինի քաղաքապետի ընտրություն՝ ավագանու նիստով, կա՛մ պետք է լինի նոր ընտրություն, բայց նաև մեր իրավաբանները փաստում են, որ արդեն ուշ է նույնիսկ ավագանու նիստով ընտրել քաղաքապետ, ու միակ ելքը մնացել է նոր ընտրություններ կազմակերպելը», - նշեց Դոխոյանը:
Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի և Փամբակի տարածքային կառույցի ղեկավար, նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը նշում է՝ դատարանի որոշումից հետո հնարավոր են թե՛ արտահերթ ընտրություններ ու թե՛ ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրություն։ Չի բացառում անգամ երրորդ տարբերակը, որ ավելի քան երկու տարի Վանաձորում քաղաքական ու իրավական ճգնաժամը չհանգուցալուծող դատարաններն ապրիլին կարող են դարձյալ հետաձգել դատական գործընթացը։
Օրերս «Քաղաքացիական պայմանագրի» տարածքային կառույցը հայտարարություն ու լուսանկարներ էր տարածել խորհրդի նիստի մասին՝ խիստ սահմանափակ տեղեկատվությամբ։ Նշել էին, թե քննարկել են համայնքային հարցեր և որ նիստին ներկա է եղել նաև գործող մարզպետ Արամ Ղազարյանը։ Թե ի՞նչ հարցեր են քննարկել նիստում, չեն բացահայտում։ Կառույցի ղեկավար, նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է տեղեկությունները, թե իշխող կուսակցության հավանական թեկնածուին վերաբերող հարցեր են քննարկել։
2021 թվականի ավագանու ընտրություններից անմիջապես հետո կալանավորվել էր նախկին համայնքապետ, քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանը։ Նրա գործով քննությունը ևս դանդաղում է, իսկ այդ ընթացքում, ըստ իրավապաշտպանների, նախկին թեկնածուին անհիմն են պահում կալանքի տակ։ ՏԻՄ փորձագետ Վարդինե Գրիգորյանը Մամիկոն Ասլանյանին ընտրական գործընթացներից հեռու պահելու միտում է տեսնում։
«Մենք պարբերաբար խոսում ենք նրա մասին, որ հասկանալի չի, թե ինչքանով է իրավաչափ կալանքի տակ պահելը, գործի քննության բնույթը, այսինքն, այստեղ էլ կա ինչ-որ միտում հեռու պահելու քվեարկության գործընթացին մասնակցելուց, ինչը վստահ չենք, որ իրավաչափ է: Դրա վերաբերյալ հիմնավորումներ չենք տեսել», - նշեց Գրիգորյանը:
Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն արդեն երեք տարի է ժամանակավոր կառավարիչներն են ղեկավարում, համայնքապետի պաշտոնակատարին նշանակել է վարչապետը։