Ո՞ւմ էին ուղղված Վանաձորի ղեկավարի սեռական բնույթի հայհոյանքներն ավագանու վերջին նիստի ժամանակ։ Համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը չի հերքում՝ հայհոյել է, բայց ո՛չ նիստին ներկա իրավապաշտպաններին։
«Էնդեղ տենց մարդ չի եղել, ես էդ դահլիճի ներկա մարդկանց հետ ոչ մի կոնֆլիկտ չեմ ունեցել, որ իրենց հոյհոյեմ։ Ուղղակի համ զանգ էր գալիս ձեռքիս վրա, ես չգիտեմ, ես չեմ հիշում՝ մեկին հայհոյած լինեմ էդտեղ։ Ես չեմ հայհոյել, չեմ էլ հիշում՝ ինչի մասին է եղել խոսքը։ Բայց, համենայն դեպս, դահլիճում ներկա մարդկանց հետ կապված հայհոյանք չի հնչել», - «Ազատությանն» ասաց նա։
Վանաձորը մեկուկես տարի ղեկավարող պաշտոնյան, որ հազվադեպ է հարցազրույցներ տալիս, չմանրամասնեց՝ ումից էր անցանկալի զանգ ստացել կամ ում վրա էր նման թունդ հայհոյանք տալու չափ բարկացել։ Անջատեց հեռախոսն ու անհասանելի դարձավ։ Մինչդեռ հայաստանյան 15 հասարակական կազմակերպություններ հայտարարել են, որ Փելեշյանը հայհոյել է քաղհասարակության ներկայացուցիչներին՝ հանրային կարևորություն ունեցող հարցի վերաբերյալ նրանց հնչեցրած կարծիքներից զայրացած։ Իրավապաշտպանները ոստիկանությունից պահանջում են իրավական, իսկ կառավարությունից՝ քաղաքական գնահատական տալ պաշտոնակատար Արկադի Փելեշյանի «հանդուգն ու անպարկեշտ վարքին»։
«Այս արարքը պարունակում է խուլիգանության հատկանիշներ, ինչպես նաև վարկաբեկում է համայնքային իշխանությունների հեղինակությանը և ուղղված է ոչ միայն այդ պահին նիստերի դահլիճում ներկա հասարակական կազմակերպություններին, այլև ամբողջ քաղաքացիական հասարակությանը», - ասված է հայտարարության մեջ։
Անցած շաբաթ տեղի ունեցած ավագանու նիստին Փելեշյանի հայհոյանքն աղմուկի մեջ լսելի չի եղել, բայց ուղիղ հեռարձակման տեսագրությունում հստակ լսվում է. Նա հայհոյում է, երբ Հայաստանի խուլերի միավորման նախագահ Մարինե Հարությունյանը սուրդո թարգմանիչի օգնությամբ հակադարձում է օրակարգ բերված նախագծին, պնդում՝ Վանաձորի կենտրոնում գտնվող տարածքը, որ պետք է Խուլերի միավորմանը ծառայեր, իրականում բանջարեղենի խանութ է, ու համայնքը չպետք է կրկնի նախկին սխալն ու տարածքն անհատույց տրամադրի Խուլերի կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպությանը։ Նիստը վարող Փելեշյանը ոչ միայն չի ուզում ձայն տալ խուլերի միավորման նախագահին ու հաշվի առնել իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանի փաստարկները, այլև նրանց լռեցնում է, մերժում քննարկում ծավալելու փորձերն ու հարցը դնում քվեարկության։ Հենց այդ պահին էլ հնչում է հայհոյանքը։
Փելեշյանի վարքագիծը դատապարտող իրավապաշտպաններից մեկն «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանն է։ Նա օրերս Ֆեյսբուքում «Չարաճճի պաշտոնյաներ» վերնագրով մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարը չի ենթարկվում իր ծառայողական մեքենան կանգնեցրած պարեկների պահանջին։ Փելեշյանը վեցուկես րոպեանոց տեսանյութում հակադարձում է պարեկին, շեշտում իր համայնքի ղեկավար լինելն ու փորձում զանգահարել մարզի բարձրաստիճան ոստիկաններին։
Տեսանյութից երևում է, որ եղել է նաև նրան ուղեկցող «Նիվա» մակնիշի մեքենա։ Երկուսն էլ ենթադրաբար խախտում են թույլ տվել։
Տեսանյութը հրապարակած իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը չի բացահայտում՝ որտեղից է իր ձեռքն ընկել այն։ Ասում է՝ դեպքը տեղի է ունեցել անցած տարի սեպտեմբերին՝ Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական հարձակման օրերին, այդ պատճառով էլ ավելի վաղ չի հրապարակել։ Իրավապաշտպանը քննադատում է պաշտոնյայի պահվածը թե՛ Վանաձորի փողոցում ու թե՛ համայնքապետարանի նիստերի դահլիճում։
«Ինձ թվում է, որ այս տեսանյութը ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչ կարգի կերպար է Փելեշյանը, ինչ արժեհամակարգի, ու այստեղ շատ կարևոր է հստակ հարց հղել Արկադի Փելեշյանին նշանակած Նիկոլ Փաշինյանին և հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը կիսո՞ւմ է այն մոտեցումը, որ պետք է ավագանու նիստին սեռական բնույթի հայհոյանքներ կիսեն, թե՞ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ դա անընդունելի է», - շեշտեց նա։
Այսօր համայնքապետարանից «Ազատությանն» ասացին՝ պարեկների հետ միջադեպի օրը երկու մեքենաներն էլ տուգանվել են։ Ըստ մամուլի խոսնակի՝ «Նիվա» մակնիշի մեքենան նույնպես համայնքապետարանի ծառայողականներից է եղել։ Հայհոյանքի մասով դեռ քրեական վարույթ հարուցել-չհարուցելու մասին որոշում չկա։