Վանաձորում ցեմենտի արտադրություն կսկսվի, եթե կառավարությունն ու համայնքը տան այդ թույլտվությունը «Վանաձորցեմենտ» ընկերությանը։
Երեկ համայնքապետարանում հանրային քննարկում էր, որը, սակայն անցավ առանց բնակիչների մասնակցության։ Համայնքապետարանի պաշտոնյաներն էին, ընկերության ներկայացուցիչներ ու բնապահպաններ։
Թույլատրության դեպքում ցեմենտ կարտադրվի վանաձորի Տավրոս թաղամասի ու Դարպաս բնակավայրի հարևանությամբ։ Տարածքը 88-ի երկրաշարժից հետո ուկրաինացի շինարարների բազան է եղել։ Մինչև հիմա հենց այդպես էլ կոչում են՝ Ուկրշինի տարածք։
Համայնքից թույլտվություն ստանալու համար համայնքապետարան եկած ընկերության ներկայացուցիչները ասացին՝ Ուկրբազայում դեռ 30 տարի առաջ օգտագործված սարքավորումներ կան, որոնք վերազինելուց ու փորձաքննության ենթարկելուց հետո կշահագործեն։ Ընկերության ծրագրի փորձագետ Վռամ Թևոսյանը պնդում է՝ արտադրությունից առաջացած փոշին թույլատրելիից ավելի ցածր կլինի, արտահոսքեր դեպի գետ չեն ունենա, ձեռնարկությունն անաղմուկ կգործի։
«Ձեռնարկությունում չկան աղմուկի աղբյուրներ, սա կարելի է ասել գործնականում լինելու է անթափոն գործունեություն, արտանետումների ազդեցությունը կլինի շատ ավելի ցածր, քան թույլատրելի նորմերն են», - ասաց փորձագետը:
Հայաստանում ցեմենտի գործարաններ կան Արարատում և Հրազդանում, որոնք ըստ պաշտոնական աղբյուրների, Հայաստանի ամենաաղտոտված օդ ունեցող համայնքներն են։
«Վանաձորցեմենտ» ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են, թե այստեղ ոչ թե հանքաքար, այլ ցեմենտի փոշի չառաջացնող կլինկեր են օգտագործելու որպես հումք։ Այս դեպքում օդի աղտոտվածություն, ինչպես Հրազդանում ու Արարատում է, Վանաձորին չի սպառնում, ասաց Վռամ Թևոսյանը։ Դեռ չեն որոշել՝ կլինկերը որպես հումք Հայաստանի ցեմենտի արդեն գործող գործարաններից կգնեն, թե՞ հարևան երկրներից՝ Վրաստանից ու Իրանից կներկրեն։
Սկզբնական փուլում գործարանը 14 աշխատող կունենա: Ամբողջ հզորությամբ գործելու դեպքում աշխատողների թիվը կրկնակի կավելանա, ասում է ընկերության ներկայացուցիչը։
«Վանաձորցեմենտը» նաև համայնքին խոստումներ ունի։ Թեև արտադրությունը մոտակա բնակավայրից առնվազն 650 մետր հեռու է լինելու, խոստանում են բարեկարգումներ ու սոցիալական այլ ծրագրեր իրականացնել։ Չնայած այդպես էլ հստակ չպատասխանեցին՝ տարեկան որքա՞ն են պատրաստ ներդնել համայնքի սոցիալական ծրագրերի համար:
«Ընկերությունն իր ուժերով, իր հնարավորությունների սահմաններում շրջակայքի բարեկարգման, կանաչապատման աշխատանքներ պիտի իրականացնի, ճանապարհների վերանորոգում, բայց բացի դրանից ընկերությունը նաև մասնակցելու է համայնքի տարեկան քննարկումներին՝ սոցիալական ծրագրերի վերաբերյալ», - ասաց Վռամ Թևոսյանը.
Արդյո՞ք համայնքը երաշխիքներ ունի վստահելու, որ մթնոլորտը չաղտոտելու, անթույլատրելի աղմուկ չանելու կամ սոցիալական ծրագրերին մասնակցելու խոստումներն ընկերությունը չի դրժի, հետագայում դրանք խախտելու համար պատճառաբանություններ չի բերի, հարց բարձրացրեց բնապահպան Օլեգ Դուլգարյանը։
«Եթե այն ռիսկը կա, որ ամեն ինչ այնպես չի լինելու, ինչպես ասում եք, դա կարող է լինել ընկերության ֆինանսական պատճառներից ելնելով, կարող է պայմանավորված լինել նրանով, որ սարքավորումներն անորակ լինեն, լավ չաշխատեն, մասնագիտական կազմը լավը չլինի, և ձեր ասած չափանիշները ի չիք դառնան ու տարբեր խախտումներ լինեն», - նշեց Դուլգարյանը:
Ընկերությունը հաշվետու է ու մշտապես կվերահսկի փոշու մակարդակը, ասում է փորձագետը, բայց դեռ գործունեությունն սկսելուց առաջ խոստումներին գրավոր տեսք տալու, հուշագիր ստորագրելու պատրաստակամություն չեն հայտնում։
Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն էլ շեշտեց՝ առաջիկայում դեռ երկու հանրային քննարկում կա, այս ընթացքում համայնքն ու ընկերությունը կարող են նախանշել իրականացվելիք ծրագրերը։
«Ես կարծում եմ՝ դեռ ժամանակ ունենք, էլի փուլեր ունենք անցնելու և կարող եք քննարկել, նաև պատրաստակամ ենք ձեզ օգնել այդ հարցում մասնագիտական խորհրդատվություն տալու, նաև մեր ծրագրերի մասին իրազեկելու, որպեսզի հասկանաք, թե ինչին կարող եք մասնակցել, ինչի՝ ոչ», - ասաց Աբովյանը.
Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացրած ընկերության փաստաթղթերում նշված է, որ արտադրությունը Փամբակ գետից հեռու կլինի 100 մետր։ Շրջակա միջավայրի փորձաքննության կենտրոնի գլխավոր մասնագետ Վարդան Հարությունյանը կասկած հայտնեց՝ ըստ քարտեզների արտադրական տարածքը շատ ավելի մոտ է գետից։ Նշեց՝ հնարավոր է փորձաքննության ներկայացրած փաստաթղթերը լրամշակման ուղարկեն հենց այս փաստի առնչությամբ։
«Վանաձորցեմենտ» ընկերությունն, ըստ պաշտոնական ռեգիստրի, հիմնադրվել է այս տարվա սկզբին։