Հայաստանի օրենսդրությունը ՀՀ ներքին գործն է. վարչապետի խոսնակն արձագանքում է Բաքվից հնչող հայտարարություններին

Հայաստանի օրենսդրությունը ՀՀ ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին, հայտարարել է Հայաստանի վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն` արձագանքելով Բաքվից հնչող հայտարարություններին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր իր երդմնակալությանը հաջորդած ելույթում կրկին Հայաստանին ուղղված սպառնալիքներ է հնչեցրել:

«Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդրվեն, եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի», - ասել է Ալիևը՝ շարունակելով. - «Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը թանկ կարժենա, և դա հավանաբար բոլորն են տեսնում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, խաղաղության պայմանագիր չի լինի. Ալիև

Անդրադառնալով տարածքային պահանջներին, Բաղդասարյանը նշել է. «Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին»:

«Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին», - ընդգծել է նա:

Նշելով, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի 31 գյուղերի կենսական տարածքները, վարչապետի խոսնակն ընդգծել է, որ «այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է»:

«Հայաստանը շարունակելու է խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերը եւ Ադրբեջանին կրկին առաջարկում է զորքերի ետքաշում 1991 թվականի սահմանագծի նկատմամբ, ինչը տարածաշրջանում կայունության ու փոխադարձ վստահության անկյունաքարային քայլ կլինի:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որեւէ դրույթի կատարումից հրաժարվելու համար», - նշված է Նազելի Բաղդասարյանի տարածած հայտարարությունում:

Ընդգծելով, որ Երևանն ու Բաքուն արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, վարչապետի խոսնակը նշել է՝ «պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես»:

Խաղաղության պայմանագրի տեքստում համաձայնեցրած կետի մասին առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր մեկ շաբաթ առաջ. «Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար, այսինքն՝ այստեղ խնդիրը բացարձակապես խաղաղության պայմանագրի մասին չէ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն առաջին անգամ խաղաղության պայմանագրի տեքստից կոնկրետ ձևակերպում բացահայտեց