Բաքվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ռուսաստանցի բանագնաց Իգոր Խովաևը։ Այսօր նրան ընդունել է Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ջեյհուն Բայրամովը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացի վիճակն ու հեռանկարները, վերջին իրադարձությունները և տարածաշրջանային թեմաներ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ նույն աղբյուրի՝ «ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի կողմից իրականացվող ռազմական սադրանքները նպատակ ունեն խարխլել վերջին շրջանում հաստատված կայունությունն ու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը»։
Երեկ նախ Ադրբեջանի զինուժը մեղադրեց հայկական կողմին Ներքին Հանդի ուղղությամբ հրադադարը խախտելու և իրենց մի սահմանապահին վիրավորելու համար, ապա հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավոր։
Բաքուն հայտարարեց, թե Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները իրականացրել են «Հատուցում» գործողություն։