Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է համագործակցել Երևանի հետ անհետ կորածների որոնման հարցով
Հայաստանի հանդեպ «հատուցում» օպերացիայից մեկ օր անց, որի հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունեցավ, Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է համագործակցել Երևանի հետ անհետ կորածների որոնման հարցով:
Համագործակցության առաջարկն ի սկզբանե եղել էր հայկական կողմից մոտ 20 օր առաջ, երբ Բաքուն դժգոհել էր ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունից, նաև պահանջել 4 հազար անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու համար հրատապ միջոցներ ձեռնարկել:
«Ադրբեջանի պետական հանձնաժողովը ողջունում է Հայաստանի հայտարարությունը և ինչպես միշտ նպատակահարմար է համարում միավորել ջանքերն այս ուղղությամբ»,- ասված է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ է Բաքուն կոշտ արձագանքում ականների մասին նոր տվյալներ փոխանցելու Հայաստանի առաջարկին
Ըստ Երևանի՝ 90-ականներից մինչ օրս Հայաստանի և Արցախի ընդհանուր առմամբ 993 քաղաքացի համարվում է անհետ կորած:
Բաքվից միևնույն ժամանակ պնդում են, թե 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմին են փոխանցել 1713, Հայաստանի նկատմամբ 2022-ի սեպտեմբերյանի հարձակումից հետո՝ 157, իսկ 2023-ին Արցախի դեմ հարձակման հետևանքով 173 զոհվածի մարմին։ Թե որքանով են այս տվյալները ճշգրիտ, «Ազատությունը» փորձեց պարզել Ազգային անվտանգության ծառայությունից։ Կառույցից փոխանցեցին, թե այդ տվյալներին չեն տիրապետում: Քննչական կոմիտեից էլ նշեցին՝ ունեն միայն զոհվածների ընդհանուր թիվը:
Բաքվի հայտարարությունը կապ ունի Ներքին Հանդի միջադեպի հետ
Անհետ կորածների հարցերով համագործակցելու Բաքվի պատրաստակամությունն, ըստ իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանի, կապ ունի Ներքին Հանդում երեկվա միջադեպի և դրա շուրջ միջազգային արձագանքների հետ:
«Միջազգային հանրությունն, ըստ էության, արձանագրեց, որ Ադրբեջանը փաստացի պրովոկացիոն գործողություններ է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության դեմ, որի արդյունքում չորս հայ զինվորներ են սպանվել, և կարծում եմ, որ որոշակի նման գործողություններով փորձում են տպավորություն ստեղծել, որ կառուցողական դաշտում են գործում», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը։
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երեկ անհամաչափ էր որակել Ադրբեջանի գործողությունները Հայաստանի նկատմամբ, ինչին ի պատասխան Բաքուն հայտարարել էր, թե «անտեսվել է Հայաստանի կողմից ռազմական սադրանքը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բորել. Ադրբեջանն անհամաչափ գործողություններ է ձեռնարկել սահմանին
Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը մինչդեռ վստահ է՝ Ադրբեջանն ինչպես այլ, նաև այս հարցում իր օրակարգն է առաջ մղում: Ընդ որում՝ պատգամավորն անընդունելի է համարում Երևանի և Բաքվի հանձնաժողովների համագործակցությունը միայն անհետ կորածների հարցով, երբ խոսք չկա գերիների վերադարձի մասին:
«Երբ խոսում ենք հումանիտար հարցերի մասին, այստեղ հումանիտար բլոկի մեջ չպետք է դիտարկել միայն անհետ կորածների հարցը, անշուշտ և անպայման պետք է խոսել նախ և առաջ նաև ռամագերիների մասին, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ասում է՝ ռազմագերիների հարցը փակ է, այնտեղ «ռազմական հանցագործներ են, և մենք մեր օրենսդրության համաձայն իրենց կդատենք, այ մեր անհետ կորածների հարցով եկեք, հլը մի հատ պատասխան տվեք»։ Ես կարծում եմ՝ այս օրակարգին գնալն անթույլատրելի է», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ այժմ Բաքվի բանտերում 23 գերի է պահվում, նրանից 8-ը Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդներն են։ ԱԱԾ տնօրենի ղեկավարությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում անցկացված նիստերի մասին՝ չմանրամասնելով՝ կոնկրետ ինչ է արվում նրանց վերադարձնելու համար:
Պատգամավոր Գևորգ Պապոյանն ասում է՝ գերիների հարցով քննարկումները ոչ միշտ են հրապարակային. - «Բայց մենք կշարունակենք լուռ աշխատել, ու մի օր մնացած մեր հայրենակիցները կվերադառնան։ Ընդդիմության գործը խոսելն է, հետո մոռանալը, իսկ մեր գործը՝ լուռ աշխատելը»։
«Հանձնաժողովները պարտավոր են նաև զբաղվել Արցախի ռազմաքաղաքական էլիտայի վերադարձի հարցով»
Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու անելիքներից չխոսեց, բայց ասաց՝ գերիների հայրենադարձման հարցը միշտ օրակարգում է:
Պատգամավոր Աննա Գրիգորյանը հակառակ կարծիքին է. - «Դա քաղաքական որոշման արդյունքում պետք է առաջ մղվի, բայց մենք տեսնում ենք, որ ամենատարբեր մակարդակներով հայտարարում են, որ այդ հարցին դեռևս անդրադարձ չկա, և ես ասում եմ, որ այո, հանձնաժողովները պետք է զբաղվեն այդ աշխատանքներով, հանձնաժողովները պետք է զբաղվեն անհետ կորածների հարցերով, միևնույն ժամանակ պարտավոր են նաև զբաղվել Արցախի ռազմաքաղաքական էլիտայի վերադարձի հարցով»։
Շրջանցելով Երևանի համար օրակարգային այդ հարցը՝ Բաքվից խոսում են միայն անհետ կորածների որոնումների մասին, ընդգծելով, թե դրա համար անհրաժեշտ է, որ Երևանը ներգրավի առաջին պատերազմում հայկական կողմի ռազմական գործողությունները ղեկավարած պաշտոնայներին, որոնք, ըստ Բաքվի, տեղեկություններ ունեն «ադրբեջանցիների զանգվածային թաղումների վերաբերյալ»: