Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրմամբ և կոչ է անում կողմերին քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բաքվին և Երևանին հետևողականորեն հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ քայլերից, որոնք կարող են էլ ավելի վատթարացնել իրավիճակը», - ասել է Զախարովան։
Ծագող բոլոր հարցերը հարկավոր է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, հավելել է նա։
«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է վերադառնան բարձր մակարդակում 2020-ից 2022 թվականներին համաձայնեցված եռակողմ հայտարարությունների կատարմանը», - նշել է Զախարովան։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը նաև նշել է, որ Մոսկվայում համոզված են՝ «տարածքային վեճերը պետք է հանգուցալուծվեն հայ-ադրբեջանական սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում»։
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին», - հայտարարել է Զախարովան։