Ադրբեջանի ռազմական նոր էսկալացիայի մտադրությունների մասին երեկվանից բարձրաձայնող Հայաստանի իշխանությունը, այսօր նաև պատժամիջոցների անհրաժեշտությունից խոսեց։ Չորս զինվորականի կյանք խլած ադրբեջանական գործողությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրանք որակեց, որի վերջնանպատակը, ըստ նրա, խաղաղության գործընթացը խաթարելն է։
Իսկ նրա հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ում գրեց՝ Ադրբեջանի անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում։
«Երբ դու չես պատժվում ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի, Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ ագրեսիվ չհրահրված պատերազմի և էթնիկ զտումների համար, հետո դու հարձակվում ես հարևանիդ վրա՝ սպանելով ավելի շատ խաղաղ մարդկանց.... Ես խոսում եմ Ադրբեջանի ղեկավարության մասին», - նշել է Մարուքյանը։
Արևմուտքից երեկվա միջադեպի վերաբերյալ հայտարարություններ եղան, բայց ոչ ավելին։ Հայ ու ադրբեջանցի զինվորականների բախումներով մտահոգ Վաշինգտոնը և՛ Երևանին, և՛ Բաքվին դիմեց՝ հայտարարեց՝ «ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները» և «հրադադարի ամեն խախտումը» հետաքննելու կոչ արեց։
Բաքվի կոշտ քննադատությանն արժանացավ հատկապես ԵՄ արտգործնախարար հայտարարությունը, նրան մեղադրեցին «միակողմանի հայամետ» դիրքորոշման համար։ Ժոզեպ Բորելը ցավալի էր համարել ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը, բայց Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ որակել։
Միջազգային հանրության հայտարարությունները խիստ անհրաժեշտ են, բայց՝ ոչ բավարար, ասում է իշխանական Արմեն Խաչատրյանը։
«Տարբեր մեխանիզմներ կան միջազգային իրավական համակարգում գործողությունների՝ սկսած քրեական դատարանի գործողություններից, անձանց դատապարտելու՝ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների համար, վերջացրած տարբեր տնտեսական ու այլ բանաձևեր ընդունելով։ Ամեն դեպքում Ադրբեջանի այսպիսի գործողությունները պետք է հանգեցնեն Ադրբեջանի համար լուրջ անբարենպաստ հետևանքների։ Լավ է, որ այսօրվա դրությամբ մեղադրանքները հասցեական են։ Սրա մեջ մեծ դեր ունեն նաև դիտորդական առաքելության ներկայացուցիչները, որոնք օբյեկտիվ տեղում գտնվելով գնահատում են իրավիճակն ու զեկուցում համապատասխան կառույցներին կատարվածի մասին», - նշեց Խաչատրյանը։
ԵՄ արտգործնախարար Բորելին «Հայաստանի ռազմական սադրանքն անտեսելու» մեջ մեղադրելուց բացի, ադրբեջանցիները Եվրամիության դիտորդական առաքելության հասցեին կոշտ մեղադրանքներ հնչեցնելու առիթը բաց չթողեցին, թե նրանց հովանու ներքո Հայաստանը «վարձկաններ է տեղակայել սահմանին»։
Դիտորդները զսպող դեր ունեն, նրանք պետք է մնան այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտության ռիսկերը բարձր են, ասում է Պաշտպանության հանձնաժողովի իշխանական պատգամավորը. - «Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ սահմանների դեպքում ինչքան էլ ինքը ինֆորմացիոն մեծ ռեսուրսներ ծախսի ու կիրառի, միևնույն է, օբյեկտիվ իրականությունը միջազգային հանրությանը հայտնի է դառնալու»:
Արևմուտքը կգնա՞ հայտարարություններից անդին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը թերահավատ է. - «Տնտեսական շահերը շատ մեծ են, նույն Մագնիցկու ցանկը կա, նման մի պատժամիջոց Ադրբեջանի դեմ, շատ-շատ եմ կասկածում»։
Ընդդիմադիր պատգամավորը շարունակում է պնդել՝ Ադրբեջանը ոչ թե խաղաղություն, այլ լիակատար կապիտուլյացիա է ուզում։ «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների վերադարձ, Սահմանադրության փոփոխություն. ադրբեջանական անվերջ պահանջներին իշխանությունն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, հակաքայլ չունի:
«Ասում եմ՝ այս ստեղծված իրավիճակում քո հակաքայլն ի՞նչ է, ասում է՝ լեգիտիմություն, դա նշանակում է ոչ մի բան չասել: Հակասությունների վրա հիմնված դիվանագիտությունը ձախողված է, դու պետք է կարողանաս հասկանաս՝ խոշոր երկրներին, խաղացողներին ինչն է միավորում Հայաստանի Հանրապետությունում: Առաջինը դա Թուրքիայի անսանձելի հզորացումն է: Մյուսը՝ քո բանակը, վերջիվերջո դու ի՞նչ ես ստանում այն անվտանգային համակարգին ձեռնոց նետելով, երբ դու այլընտրանք չունես», - ասաց Արթուր Խաչատրյանը:
Հենց այսօր էլ էսկալացիայի վտանգ տեսնող իշխանական Արմեն Խաչատրյանը միաժամանակ հնարավոր է համարում Ադրբեջանի հետ խաղաղությունը. - «Գիտենք, թե վերջը ինչ է եղել այս բռնապետների հետ, Ադրբեջանի առաջնորդը բոլորին հայտնի է՝ բռնապետ է, բռնապետական ռեժիմ է ու Հայաստան-Ադրբեջան բախումը նաև այդ հիմքերը ունի, բռնապետական ու ժողովրդավարական արժեքների բախում էլ է այստեղ: Իհարկե, մի շարք միջոցառումներ կան, որոնք պետք է իրականացվեն ու իրականացվում են, որպեսզի այդ խաղաղությունը կայանա: Թիվ մեկ՝ մեր զինված ուժերի կարողությունների բարձրացումը, երկրորդ՝ դիվանագիտական ճանապարհը միջազգային հանրության ներգրավումը այս պրոցեսների մեջ, կարծում եմ, Ադրբեջանն այլ տարբերակ էլ չունի: Ժամանակը կգա, հենց Ադրբեջանի շահերից կբխի, որպեսզի մեր էդ խաղաղությունը հաստատվի»:
Հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման մասին դեռ հրապարակային հայտարարություն չկա։ Երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր՝ Ադրբեջանը էսկալացիաների պատրվակներ է փնտրում՝ վիժեցնելու բանակցությունների վերսկսումը։