Իրավապահների գործողություններից կառավարության նիստում հրապարակավ դժգոհած նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտնեց, որ լքում է պաշտոնը։ Պատճառների մասին դեռ հրաժարվում է խոսել, «Ազատությանն» ասաց՝ մեկնաբանություն չի ուզում տալ։ Ֆեյսբուքյան գրառմամբ Քերոբյանը միայն հայտնել է, թե պաշտոնից հեռանալու ցանկություն նախորդ երեք տարիներին էլի է ունեցել։
«Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին», - գրել է նա։
Ինչո՞ւ նախորդ անգամների նման չստացվեց մնալ՝ Քերոբյանը չի մանրամասնում։ Նրա հրաժարականին նախորդել էր Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների քրգործը, այսօր էլ դրա մի դրվագի՝ ինտենսիվ այգիների պետական ծրագրի մասին նոր հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն։ Ըստ քրեական գործի՝ ինտենսիվ այգիների ծրագրի շահառու են դարձել քաղաքացիներ, որոնք չեն համապատասխանել դրա չափորոշիչներին ու պետական ֆինանսավորում են ստացել։ Մյուս դրվագն էլ պետական մրցույթի չարաշահմանն է վերաբերում։ Քերոբյանը հրապարակավ պաշտպանում է այս գործով անցնող իր ենթականերին, այդ թվում՝ իր նախկին տեղակալին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մտացածին սկանդալ». Քերոբյանը՝ «Սիներջի» ընկերության և Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին առնչվող գործի մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ է ձերբակալվել. ՔԿԵրեք տարի առաջ բիզնեսից կառավարություն տեղափոխված 47-ամյա Քերոբյանը գործադիրի անցած նիստում դժգոհել էր իրավապահների գործողություններից, հայտարարել, թե չապացուցված մեղադրանքի համար ազատազրկումը պետական համակարգի պարալիզացման պատճառ է դառնում։
«Եթե մարդուն գողություն անելուց չեն բռնել, հիմա մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք, որ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու։ Դրա համար ես կարծում եմ՝ մենք պետք է մշակութային փոփոխություն անենք, հասկանանք՝ մենք թո՞ւյլ ենք ենք տալիս, որ մարդիկ սխալներ թույլ տան երբեմն, չնայած այս պարագայում ես վստահ եմ, որ այդպիսի սխալներ էլ առանձնապես չկան», - ասել էր Վահան Քերոբյանը։
«Բյուջեից փող տարվե՞լ է, թե՞ չէ, ընդ որում էական չէ՝ ով է տարել, եթե տարվել է, դա ուրիշ բան է, եթե չի տարվել, դա Ձեր ասած՝ սխալվելու իրավունքն է, իհարկե ոչ թե սխալվելու իրավունք, իրավունք ունենաս-չունենաս, մենք բոլորս էլ սխալվում ենք, բայց հարցն այդ սխալի բովանդակությունը և էությունն է», - նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սիներջի»-ի գործով անցնող երկու անձ ազատ է արձակվել, ընկերության հիմնադիրը դեռ կալանքի տակ է
Պաշտոնից հեռացող Քերոբյանը օրերս հարցազրույց էր տվել «Արմքոմեդիի» հեղինակներին։ Ընդ որում՝ պաշտոնավարման ընթացքում նախարարն ինքը հաճախ էր դառնում քաղաքական-երգիծական այս հաղորդման հերոսը իր տարբեր հայտարարությունների պատճառով։
«Պատկերացրեք՝ մտնում եք ռեստորան, առաջին դեպք՝ ինչ-որ մի բան եղավ, ձեզ մի հատ ուտելիք դուր չեկավ, ու մատուցողն ասաց՝ հիմա կփոխենք և այլն, ու դուք զգում եք, որ դա իր որոշումն է, երկրորդ տարբերակը, որ ասում է՝ չէ, գնամ, մենեջերին հարցնեմ և այլն, հասկանում եք, որ այդ երկու ռեստորաններում սպասարկման որակի տարբեր ընկալումներ կան, ու ասենք՝ հաջորդ անգամ դուք կգնաք այնտեղ, որտեղ գիտեք, որ մատուցողն ինքը արդեն լիազորություններ ունի, որոշումներ է կայացնում», - նշել էր նա։
Վահան Քերոբյանն իր ենթականերին առնչվող երկու քրեական գործերի հարուցումից հետո տարբեր առիթներով խոսում էր պաշտոնյաների կողմից սեփական համարձակ որոշումները կայացնելու անհրաժեշտությունից։ Իսկ Ֆեյսբուքում օրերս հրապարակել էր «խաչակրաց արշավանքների» մասին «Երկնային արքայություն» ֆիլմի երկխոսության մի դրվագ, որտեղ խոսվում է պատվի ու արժանապատվության, թագավորի պահանջները կատարելուց հետո անգամ սեփական ճակատագիրը տնօրինելու մասին։ Գրել էր, թե այդ հատվածը ճշգրիտ նկարագրում է իր սկզբունքն այդ հարցում «անկախ նրանից, թե քանի մետր է մահն իրենից հեռու»։
Քերոբյանի ազատման հրամանագիրն արդեն հրապարակվել է, բայց դեռ հայտնի չէ, թե ով նրան կփոխարինի։