Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալությունը


Իրավապահներն այսօր Էկոնոմիկայի նախարարության իր աշխատասենյակից տարել են երեկ աշխատանքից ազատված էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին, տեղեկությունը հաստատեց գերատեսչության մամլո քարտուղարը։

Արդյո՞ք նախկին փոխնախարարը ձերբակալվել է՝ քննչական կոմիտեի խոսնակը շեշտում է՝ կան մի քանի ձերբակալվածներ, առանց անուններ հստակեցնելու։ Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ առավոտից երկու քրեական գործերով խուզարկություններ են սկսվել 15 վայրում, այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարությունում ու մի շարք անձանց բնակարաններում:

«Քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով Քննչական կոմիտեի քննիչների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, որոնք ընդգրկում են նաև Էկոնոմիկայի նախարարությունում, ինչպես նաև մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր 15 վայրերում», - նշեց Աբրահամյանը:

«Ազատության» տեղեկությամբ՝ էկոնոմիկայի նախկին փոխնախարարից բացի, ձերբակալվածների թվում է նաև գերատեսչության վարչության պետերից մեկը։
Ի՞նչ քրեական գործերով են քննչական գործողություններ սկսվել՝ Քննչական կոմիտեից այլ մանրամասներ չեն փոխանցում:

«Ելնելով նախաքննության շահերից՝ շատ տեղեկատվություն չի հրապարակվում, հետագայում ելնելով անհրաժեշտությունից համապատասխան տեղեկատվություն կհրապարակվի», - ասաց ՔԿ խոսնակը:

32-ամյա Անի Իսպիրյանը սփյուռքահայ մասնագետներին Հայաստանի պետական կառավարման համակարգում ներգրավող «Ի գործ» ծրագրով էր սկսել աշխատել Էկոնոմիկայի նախարարությունում 2020 թվականին, մեկ տարի անց արդեն փոխնախարար էր: Մինչև այդ Մոսկվայում է աշխատել, 22 տարեկանում ղեկավարել ռազմաարդյունաբերական ոլորտի ներդրումային նախագծերի ռիսկերի կառավարման բաժինը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Անի Իսպիրյանի աշխատանքից հեռանալն ու այսօր իրավապահների հետաքրքրության կենտրոնում հայտնվելը պատահականություն է համարում:

«Դեռևս 1,5 ամիս առաջ ասել էր, որ ամուսինն աշխատանք է ստացել Հոլանդիայում և իրենք պատրաստվում են տեղափոխվել: Տեղափոխվելուց մի քանի օր առաջ դիմում է գրել», - նշեց նախարարը:

Ինչո՞ւ են իրավապահները մտել իր ղեկավարած գերատեսչություն՝ Վահան Քերոբյանը, որ մինչև խորհրդարան գնալը արդեն նախարարության շենքում դիմավորել էր իրավապահներին, չգիտի:

«Չգիտեմ՝ ինչի են մտել, բնականաբար, պետական կառավարման մարմինները, քննչական մարմինները կարող են մտնել հիմնականում կոռուպցիոն գործերով, և մենք, բնականաբար, գերկարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, բայց նաև պետք է նշեմ, որ հարգում ենք նաև մարդկանց անմեղության կանխավարկածը ու պետք է նշեմ, որ վերջին 3 տարվա մեջ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների նկատմամբ մեղադրական դատավճիռ չի եղել», - ընդգծեց Քերոբյանը:

Էկոնոմիկայի նախարարությունը շուրջ երկու տասնյակ ոլորտների պետական քաղաքականություն է վարում՝ գյուղատնտեսությունից մինչև ներդրումներ ու լիցենզավորում։ Նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը մեր տեղեկությամբ համակարգում էր ներդրումների ոլորտը։

Այսօր ավելի ուշ տարածած հաղորդագրությունում Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու քրեական գործերի վերաբերյալ և հայտնել դրանցից մեկով 6 անձի, մյուսով՝ մեկ պաշտոնատար անձի ձերբակալության մասին, առանց նրանց ինքնությունը հրապարակելու:

XS
SM
MD
LG