Էկոնոմիկայի նախարարը մտացածին սկանդալ է որակում, Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահը ոչ թափանցիկ ակնարկներով աջակցություն են հայտնում «Սիներջի» ընկերության աշխատակիցներին, որոնց Քննչական կոմիտեն ու ԱԱԾ-ն երեկ ձերբակալեցին։
Կալանքի որոշումից ժամեր անց Ազգային ժողովի նախագահն ու ընտանիքը սոցիալական ցանցերում տարածեցին ձերբակալված Անի Գևորգյանի և իրենց նկարը, փոխնախագահն էլ այսօր հրապարակավ կոչ արեց կարդալ «Սիներջի»-ի կալանավորված տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի գիրքն ու դասեր քաղել նրա անցած ճանապարհից
Այս գործով Քննչականը մեղադրանք է առաջադրել նաև Էկոնոմիկայի նախարարության վեց աշխատակիցների։ Ըստ նախաքննության, անցած տարի հայտարարված մրցույթում իրենց նախընտրելի ընկերության, տվյալ դեպքում՝ «Սիներջի»-ի հաղթանակը ապահովելու համար, նրանք իբրև թե անհնարին պայմաններ են ստեղծել մրցակցի՝ «Հարմոնիա» ընկերության համար, որն ավելի ցածր գին էր առաջարկել։
Նախարարը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում անհիմն է որակել Քննչականի ներկայացրած մեղադրանքները
«Ասում են՝ կա առերևույթ կառուպցիա, բայց չեն ասում, թե էդ կոռուպցիայի բնույթն ինչպիսինն է։ Այսինքն՝ կաշառք կա, թե՝ չկա, չեն ասում։ Ընդ որում՝ առաջին դրվագով, որը վերաբերում է Անի Իսիրյանին, ընդհանարապես բյուջեի միջոցներ չեն ծախսվել, այսինքն, թե ինչ վնաս է հասցվել պետությանը, ինչպիսի սխալ ծախսեր են կատարվել, ով է դրա համար կաշառք վերցրել, ոչ մի նմանատիպ փաստ չկա», - նշել է նախարարը։
Վահան Քերոբյանը միաժամանակ հրաժարվել էր գնահատական տալ քրեական գործին, չէր հստակեցրել նաև՝ արդյոք դա ճնշո՞ւմ է իր ղեկավարած գերատեսչության վրա։
«Ես չեմ ուզում որակումներ տալ, գիտեք, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն, այսպես ասենք, կառավարության և կառավարության վարչապետի ուշադրության կիզակետում է», - ասել է Քերոբյանը:
Փաստ է, որ ըստ քննիչների՝ նախարարության նախընտրած «Սիներջի» ընկերությունը ի վերջո չի ստացել այս պատվերը, քանի որ պարտված ընկերությունը դեռ անցած ամռանը բողոքարկել էր, դատարանը պարտավորեցրել էր նոր մրցույթ անցկացնել, որտեղ արդեն նույն՝ Էկոնոմիկայի նախարարության մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել «Սիներջի»-ի մրցակից ընկերությանը։
Սա զուտ իրավական գործ է, թե՞ ներիշխանական հակասությունների ցուցիչ, կա արդյո՞ք քաղաքական պատվեր՝ այսօր լրագրողները փորձում էին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանից պարզել։
«Այո, հերքում եմ ամբողջությամբ ու կատարելապես», - ասաց Ալեքսանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը քաղաքական ենթատեքստ է տեսնում
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը քաղաքական ենթատեքստ, այդուամենայնիվ, տեսնում է։
Հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ իրավապահները հաշվի չեն առել մեղմացուցիչ հանգամանքներն ու որոշել են երկու ամսով կալանավորել «Սիներջի» ընկերության նախկին ու գործող աշխատակիցներին, որոնք մանկահասակ երեխաներ ունեն։
«Շատ դատապարտելի է, որ քաղաքական հաշվեհարդար են տեսնում Ալեն Սիմոնյանի նկատմամբ, բայց պատժում են նրա եղբոր կնոջը, որովհետև ես չեմ կարծում, որ դա լավագույն ճանապարհն է: Սա այն կարմիր գիծն է, որ պետք է ցանկացած իշխանություն հասկանա, որ չի կարելի անցնել ու չի կարելի մարդուն պատժելու համար նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացնել իրավական ռեպրեսիաներ», - ընդգծեց Թովմասյանը:
Ինքը՝ Ալեն Սիմոնյանը դեռ չի մեկնաբանել եղբոր կնոջ կալանավորումը։ Նա երեկ Ֆեսյբուքի էջում տարածել էր իր, եղբոր ու կալանավորված հարսի լուսանկարը, առանց որևէ մեկնաբանության։ Տիկնոջ կալանավորման ֆոնին, ի դեպ, այս լուսանկարին հավանություն են տվել բազմաթիվ պատգամավորներ ու պաշտոնյաներ, այդ թվում՝ արդարադատության նախարարն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:
«Սիներջի» ընկերությունից 2 աշխատակից է կալանավորվել՝ տնօրեն Աշոտ Հովհաննիսյանն ու բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը։