Դատախազը փոխել է Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը, ըստ դատախազության, «նվազել է մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը»։
«Սիներջի» ընկերության նախկին աշխատակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանն ու «Սիներջի»-ի ներկա աշխատակից Լիլի Մկրյանը կալանավորված էին Էկոնոմիկայի նախարարությանն ու «Սիներջի» ընկերությանն առնչվող քրեական գործով, մասնավորապես, հանցագործությանն օժանդակելու հոդվածով, իսկ հանցանքն, ըստ քննչականի, կատարել են էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանն ու նույն նախարարության ևս երեք աշխատակից, որոնք մեղադրվում են իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
Էկոնոմիկայի նախարարության ներկա ու նախկին աշխատակիցները տնային կալանքի տակ են։
Դատախազությունը հավելում է՝ «հաշվի են առել, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, ինչի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը։ Դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»։
Անփոփոխ է մնացել «Սիներջ»-ի ընկերության հիմանդիր Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։